Գիտություն 

Անընդունելի է և աններելի. ակադեմիկոսները՝ Երուսաղեմի հայոց պատրիարքի նամակի կապակցությամբ

analitik.am

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն ու մի քանի ակադեմիկոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված Երուսաղեմի հայոց պատրիարք` Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։

«Հերթական անգամ մեծ ցավ և վրդովմունք առաջացրեց համացանցում ողջ հայ հանրության սեփականությունը դարձած Երուսաղեմի հայոց պատրիարք` Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի երկրորդ նամակը` ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին: Կարծես ամենապատիվ պատրիարքը առիթ է փնտրում անընդունելի հայհոյախառն որակումներով վարկաբեկել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, նրա ողջ եպիսկոպոսաց դասը, Ամենայն հայոց կաթողիկոսին:

Ամենապատիվ պատրիարք, վերհիշեք անցյալ տարվա օգոստոսին գրեթե նույնանման բովանդակությամբ համացանցում Ձեր կողմից հրապարակված նամակն Ամենայն հայոց կաթողիկոսին` կապված Ֆրանսիայի թեմի առաջնորդի` Նորվան սրբազանի հրաժարականի հետ: Ձեր երկրորդ նամակն իր ոճով, ձևով և բովանդակությամբ առավել քան անպարկեշտ է, ողջամտության բոլոր սահմանները հատող և խորը հիասթափություն է առաջացնում հայ եկեղեցու յուրաքանչյուր հավատացյալի հոգում: Բարձրաստիճան եկեղեցականին վայել չէ նման ոճով, լեզվով և դարձվածքներով արտահայտվել Հայոց եպիսկոպոսաց դասին (ի դեպ, որի անդամներից մեկը հենց Դուք եք), առավել ևս նրա գահակալին:

Ամենապատիվ պատրիարքին զայրացրել է, որ առանձին սրբազան այրեր իբրև թե բարձրացրել են Երուսաղեմի պատրիարքությունը թեմական առաջնորդարանի վերածելու հարցը: Եթե նույնիսկ դա համապատասխաներ իրականությանը, ապա Վեհափառը երբեք չէր տա իր համաձայնությունը նման փոփոխություն իրականացնելու համար: Նա գերազանց գիտի նվիրապետական աթոռների դերը, քանի որ ինքը հանդիսանում է այդ աթոռների պահպանման երաշխավորը: Ուստի իզուր պետք չէ զրպարտել:

Ցավալի է, բայց փաստ, որ ամենապատիվ պատրիարքը երևակայական թշնամի է հորինում և «քաջաբար» պայքարում նրա դեմ: Պատշաճ չէ, որ նման բարձր հոգևորականն իջնի նման մակարդակի: Հոգևորական այրը պարտավոր է պահպանել եկեղեցականին վայել տարրական քաղաքավարությունը` հօգուտ Հայ եկեղեցու կարևոր և բացառիկ շահերի: Նման որակավորումները հարվածում են հենց իրեն` գրողին:

Ափսոսանքով ուզում ենք արձանագրել, որ պատրիարքը, հավանաբար, իր անձնական, ինքնահաստատման մոլուցքով տարված` հերթական անգամ փորձ է անում սեպ խրել Մայր աթոռի և Երուսաղեմի նվիրապետական աթոռի միջև: Ակամա հարց ենք ուզում տալ. ի՞նչ եք ուզում Դուք,  մի՞թե Դուք ուզում եք նսեմացնել 1700-ամյա գոյություն ունեցող Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը, պառակտել այն` մոռանալով, որ դարեր շարունակ այն հանդիսացել է մեր բազմաչարչար ժողովրդի գոյատևման միակ գրավականն ու փարոսը: Ձեր որակավորումները, գործելաոճը հիշեցնում են հայ ժողովրդի չկամներին, որոնք հանդես են գալիս տարբեր անուններով և որոնք իրենց գերխնդիրն են համարում ոչ միայն պառակտելու մեր Սուրբ եկեղեցին, այլ նաև խարխլելու մեր պետության հիմքերը, հայ մարդուն դարձնելու հայրենիք, կրոն և ազգություն չճանաչող օտարամոլ ամբոխի:

Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցու ողջ եպիսկոպոսաց դասին և նրա գահակալին ուղղված պատրիարքի նամակն այս էլ երկրորդ անգամ փոխանակ հասցեատիրոջը հասնելու` համացանցում է հայտնվում: Հասկանալի է, որ այդ նամակն այլ նպատակներ է հետապնդում` հեռուն գնացող հետևություններով: Վեհափառին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն հանիրավի քննադատողներին, որոշ լրատվամիջոցներին ուզում ենք մեկ անգամ ևս հիշեցնել, որ մենք պարտական ենք մեր եկեղեցուն: Դարեր շարունակ մեր պետականությունը կորցրած լինելով` նա է, որ մեզ հայ է պահել, քանի որ բռնապետական դժնդակ տասնամյակների ընթացքում պահել-պահպանել է մեր հավատքը:

Չենք կարող հատուկ չանդրադառնալ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ թույլ տված վիրավորանքներին: Ցավալի է, որ ինչպես պատրիարքը, այնպես էլ որոշ «քննադատներ» չեն հասկանում, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մեր ժողովրդի, մեր ազգի Խորհրդանիշներից է, և նրա մասին խոսելիս անհրաժեշտ է չկորցնել պատկառանքը, հարգանքն ու չափավորությունն այդ խորհրդանիշի նկատմամբ: Հիշենք երջանկահիշատակ Վազգեն Վեհափառին, որին ոչ հեռու անցյալում Ազատության հրապարակում անվանում էին «КГБ»-ի (Պետական անվտանգության կոմիտեի) գործակալ: Իսկ այսօր ո՞վ է կասկածում, որ նա արժանի է սրբերի դասին դասվելու …  

Հակառակ բոլոր քննադատներին, պետք է արձանագրել, որ Հայոց կաթողիկոսը կրթում, դաստիարակում, քարոզում, կառուցում, բարեկարգում է այն ամենը, ինչ կապված է Հայ Սուրբ Առաքելական եկեղեցու հետ: Հպանցիկ հիշենք Վեհափառի ջանքերով վերջին տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանում և բազմաթիվ այլ երկրներում կառուցված եկեղեցիները, բազմաթիվ հոգևորականներին, որոնք կրթվել են աշխարհի հայտնի հեղինակավոր ուսումնարաններում, որքան գեղեցիկ է բարեկարգվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հայորդաց տները, դպրոցներում կրոնի և եկեղեցու պատմությունը և այլն: Պետք է հպարտությամբ արձանագրենք նաև, որ այն ամենը, ինչ անում է Վեհափառը, պետք է ոչ թե իրեն, այլ մեր ողջ ժողովրդին, երկրին, և այդ ամենը մնալու է պատմությանը, սերունդներին:

Ամենապատիվ սրբազան, Դուք լավ գիտեք, որ անմիաբանությունն ու երկպառակտումը միշտ էլ չարիք են եղել մեր ժողովրդի անցած ողջ պատմության ընթացքում: Ուրեմն ինչո՞ւ ժողովուրդը պիտի իմանա, որ մեր հավատքի կարևորագույն երկու սյուները լուրջ և վնասաբեր գժտություն ունեն, որոնք վնասում են մեր եկեղեցու և պետության միասնությանը: Համազգային այս ողբերգությունը պետք է կարողանալ հաղթահարել: Բարի կամքի դրսևորման դեպքում անլուծելի հարցեր չկան:

Մենք շատ բարձր ենք դասում և կարևորում ենք Սուրբ հողում բազմադարյա պատմություն ունեցող Երուսաղեմի նվիրապետական աթոռի և նրա հոգևորականների անձնուրաց գործունեությունը հայոց հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման և այն սերունդներին փոխանցման գործում: Այդ կարևորագույն առաքելության իրականացման ճանապարհին Սուրբ աթոռի միաբանները մշտապես պայքարել և պայքարում են տարբեր կրոնական և իշխանական հալածանքների դեմ` պաշտպանելով մեր եկեղեցին ցանկացած տեսակի ոտնձգություններից, պահպանելով հայ ժողովրդի և Հայ եկեղեցու ավանդական իրավունքները:

Ամենապատիվ Երուսաղեմի հայոց պատրիարք, ուզում ենք հավատալ Ձեր խոհեմ որոշումներին` հուսալով, որ Դուք հնարավորինս ջանք չեք խնայի կնճիռները հարթելու համար: Մեր ժողովուրդը բազմադարյա պատմության ընթացքում լավ գիտի, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը եղել և միշտ մնում է հայապահպանության մշտական հենարանը, եկեղեցու և նրա ճյուղավորումների համերաշխության ամրապնդման երաշխավորը:  Ուստի հորդորում ենք Ձեզ` ամենապատիվ պատրիարք, հանուն Հայ եկեղեցու արժանապատիվ գոյության և Երուսաղեմի հետ համերաշխ համագործակցության, հանուն Մեծ եղեռնի 100-ամյակի տարեդարձի, վերականգնեք Ձեր հոգևոր եղբայրությունը Վեհափառ տիրոջ հետ:

Ստորագրել են`

Վ.Հակոբյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Վ.Բարխուդարյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Ս.Համբարձումյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

 

Յու.Շուքուրյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

 

Ա.Սաղյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Ա.Մելքոնյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

 

Յու.Սուվարյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

 
 

Նույն շարքից