2015 թվականի հոկտեմբերի 13-ին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի և Մեծ Բրիտանիայի Հայ բժիշկների միության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրվեց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանի և Մեծ Բրիտանիայի Հայ բժիշկների համայնքի նախագահ Սեդա Պողոսյանի միջև:
Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի և Մեծ Բրիտանիայի Հայ բժիշկների համայնքի համագործակցության սկիզբը ազդարարող փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է, որ ՀՀ երիտասարդ մասնագետները կարող են իրենց ուսումը, մասնագիտական վերապատրաստումն ու կլինիկական պրակտիկան անցկացնել Մեծ Բրիտանիայում՝ Մեծ Բրիտանիայի Հայ բժիշկների համայնքի հովանու ներքո:
Հուշագիրը նպատակ ունի միավորելու մասնագիտական միությունների ջանքերը՝ ուղղված Հայաստանում առողջապահական ծառայությունների որակի բարելավմանն աջակցելուն և երիտասարդ կադրերի մասնագիտական զարգացմանը: Ողջունելով հյուրերին՝ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը նշեց, որ ասոցիացիայի համար շատ կարևոր է միջազգային համագործակցությունը և համատեղ գիտական, սոցիալական ծրագրերի իրականացումը:
Մեծ Բրիտանիայի Հայ բժիշկների համայնքի նախագահ Սեդա Պողոսյանը, իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու մեր երիտասարդ մասնագետներին և հաջողություն մաղթեց նրանց՝ իրենց մասնագիտական գործունեության մեջ:
Մեծ Բրիտանիայի Հայ բժիշկների համայնքը, որն ավելի քանի 20 տարվա պատմություն ունի, իր միասնական հարկի տակ է միավորում Մեծ Բրիտանիայում գործունեություն ծավալող հայ բժիշկներին և ներկայացնում է նրանց շահերն ու իրավունքները Բրիտանական բժշկական ասոցիացիայում (British Medical Association):



