Գալիք տարի շարունակվելու են մասնագիտական կրթական հաստատություններին աջակցության ծրագրերը, որոց շրջանակներում դրանք կվերազինվեն սարքավորումներով, նաև կիրականցվի շինարարություն. վերջին բաղադրիչի համար պատասխանատու կլինի քաղաքաշինության նախարարությունը: «Կրթության և գիտության նախարարությունը հաջորդ տարի Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում կաշխատի գյուղատնտեսական քոլեջներում ներդրումների իրականացման ոլորտում: Ագրարային մասնագիտական կրթության համար ամեն մարզում մենք ունենք առնվազն մեկ քոլեջ, որոնք երկար տարիներ չեն գտնվել ԿԳՆ ներքո, և այսօր մենք աշխատում ենք, որպեսզի զարգացնենք գյուղատնտեսական կրթությունը՝ կապելով այն մասնավոր հատվածի աշխատաշուկայի պահանջների հետ», - այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա հավելեց, որ պարտադիր 12-ամյա կրթության հայեցակարգը իր մեջ ներառում է նաև եռամյա մասնագիտական կրթության հնարավորություն:
«Մենք աշխատում ենք ինչպես բովանդակային ծրագրերի, այնպես էլ ֆինանսների հայթայթման ուղղությամբ. անգամ այս տարվա ընթացիկ բյուջեյով պետությունը նախատեսել էր անհրաժեշտ ամբողջ գումարը, եթե օրենքը անցներ: Այսինքն` այնքան է կարևորվում այս խնդիրը, որ կառավարությունը ի սկզբանե նախատեսել էր այդ գումարը, սակայն օրենքը ԱԺ-ում չընդունվեց: Հուսամ, որ հաջորդ տարի օրենքը կընդունվի և մենք չենք ունենա երևէ ֆինանսական խնդիր», - նկատեց Արմեն Աշոտյանը:
Նախարարը խոսքով` մասնագիտական կրթության ոլորտում ավելացել է պետպատվերով տեղերի քանակը, և եթե 2009թ. ուսումնարաններում և քոլեջներում կար մոտ 14 հազար ուսանող, ապա այս տարի մասնագիտական ուսուցման համակարգում առկա է 21 հազար ուսանող: Սակայն, այս թիվը չի կարող անընդմեջ աճել, որովհետև ներկա սերնդի երիտասարդությունից ամեն տարի կարող է լինել ընդհամենը 40 հազար դիմորդ:
«Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ երիտասարդները կարողանում են անել ավելի պրագմատիկ ընտրություն և, չդառնալով հերթական բժիշկ, տնտեսակագետ կամ իրավաբան` նախընտրում են գնալ աշխատաշուկայում առկա պահանջարկ ունեցող մասնագիտական ոլորտ, որն, ի դեպ, բարձր վարձատրվում է: Վերջին տարիներին բուհերում դիմորդների պակասը նաև կապված է այն հանգամանքից, որ երիտասարդները նախապատվություն են տալիս ավելի մատչելի և որակյալ մասնագիտական կրթության: Իհարկե, կան խնդիրներ` տնտեսության հետ կապված. մասնավոր հատվածը պետք է հասկանա, որ մենք ունենք իրենց օգնության կարիքը, բայց կրթության ոլորտում կգերադասեմ ոչ թե բարեգործությունը, այլ ներդորւմը: Սա հոգեբանական առումով կարևոր է, քանի որ կրթաթոշակը լավ է, սակայն կրթության ոլորտը կարոտ է ոչ թե բարեգործությունների, այլ ներդրումների», - շեշտեց Արմեն Աշոտյանը:
Վերջում նախարարը տեղեկացրեց, որ համապատասխան օրենքի ընդունման դեպքում անվճար հիմունքներով մասնագիտական ուսուցումը հասանելի կլինի այն ոլորտներում, որտեղ տնտեությունն ու հասարակությունը ունի աշխատուժի կարիք: Գյուղատնտեսության ոլորտում շատ կլինեն անվճար տեղեր, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կրթության ուսուցումը ամբողջությամբ կլինի անվճար: