Գիտություն 

Կրթության մատչելիության բարձրացման տարի էր, որն ուղեկցվում էր հին խնդիրներով. Ա. Աշոտյանը՝ ամփոփիչ ասուլիսին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս էր հրավիրել:

«Նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման տարի էր, որն ուղեկցվում էր հին խնդիրներով»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ շարունակելով. «Մեզ հաջողվեց կտրուկ շրջադարձ կատարել բարձրագույն կրթության մատչելիության  հարցում ձեռքբերումներ ունենալու գործում: Նոր հանրակրթական ծրագրի մեկնարկը ևս նախարարության ձեռքբերումներից է»:

Հանրակրթության մասին օրենքի նոր խմբագրության ընդունումը ևս ըստ նախարարի՝  ձեռքբերում է, քանի որ այն շատ հավակնոտ օրենք էր և կրթությունը դարձնում էր մատչելի բոլոր երեխաներին՝ անկախ իրենց ֆիզիկական և մտավոր կարողություններից:

«Մեր նվաճումների «գոհարը» աշակերտական միջազգային օլիմպիադաների արդյունքն է, երբ մեր աշակերտական խմբերը 19 օլիմպիական մեդալ շահեցին»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նաև հանրակրթական դպրոցներում ազգային երգ ու պար առարկայի  պիլոտային ծրագրին, որը փորձարկվում է 12 դպրոցներում: Նախարարի հավաստմամբ՝ այն տեսանելի ապագայում պարտադիր կլինի բոլոր դպրոցների համար:

Հայաստանի ներառական դպրոցների թիվն այս տարի ավելացավ ևս 12-ով:

Արմեն Աշոտյանը չշրջանցեց նաև կրթության համակարգում կոռուպցիոն ռիսկերի թեման. «Պետք է շեշտել, որ կոռուպցիան համակարգում վերացված չէ, այն նահանջել է և կոռումպացված ոլորտների առաջին եռյակում չէ: Սա մեզ չի գոհացնում, բայց պետք է աշխատել այս ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում դասագրքերի թեմային, կրթության նախարարն ասաց, թե դպրոցական դասագրքերի որակը բարձրացել է, բայց դրանց բարդության աստիճանը դեռևս շարունակում է խնդիր մնալ, քանի որ դրանք որոշակիորեն մատչելի չեն տվյալ տարիքի երեխաներին:

Նույն շարքից