Մշակույթ 

Էրգրի համի հիշողություն. հայ ազգային ավանդական ուտեստի փառատոն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝  2015 թ. հոկտեմբերի 17–ին, ժամը 15:00-ին, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում կանցկացնի «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոն: Մարզի ծայրամասային այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն երրորդ անգամ, որը նպատակ ունի նաև նպաստել համայնքում  և տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը:

«Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոնն այս տարի նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եղեռնից մազապուրծ եղածների ժառանգները սիրով երիտասարդ սերնդին են փոխանցել ազգային ավանդույթները, այդ թվում նաև՝ կենցաղավարությունը, ազգային ուտեստի պատրաստման եղանակները, բաղադրատոմսերը, տոնածիսական և առօրյա սննդատեսակների, հյուրասիրության հետ կապված բանահյուսական նշխարքներ: Նախապատրաստական փուլում տարբեր համայնքներում երիտասարդների ուժերով հավաքվել են ավանդական ազգային ուտեստների բաղադրատոմսեր, որոնք տեղ կգտնեն ծրագրի արդյունքում տպագրվող «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստը ներկայացնող գրքում:

Փառատոնի ընթացքում մարզի 11 համայնքներ կներկայացնեն մեր ազգային ինքնության բնութագիր հանդիսացող առօրյա և տոնական, սիրված սննդատեսակներ, նաև  առանձին սննդատեսակների պատրաստման արարողակարգ, հայ ազգային ավանդական ուտեստների ցուցադրում, հյուրասիրություն:
Տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքներին, կրթական կամ հասարակական կազմակերպություններին կշնորհվեն մրցանակներ:
Տոնական միջոցառման ընթացքում  ներկայացվելու են ազգային ավանդական երգեր և պարեր, ազգային խաղեր: Մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվելու հայ ազգային ավանդական տարազների ցուցադրմանը, կտրվի տարազներով լուսանկարվելու հնարավորություն:

Նույն շարքից