Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի շուրջ սկանդալային իրավիճակը շարունակում է բորբոքվել: Ռուսաստանի հանրահայտ հեռուստավարող ու շոումեն Դմիտրի Շեպելյովը խզել է իր կապերը Ժաննայի ազգականների հետ ու ձգտում է առավելագույնս խոչընդոտել նրանց հետ իր որդու՝ Պլատոնի հանդիպումներին: Ժաննայի ծնողներն էլ շարունակում են պայքարել փոքրիկ Պլատոնի հետ հանդիպելու իրենց իրավունքի համար:
Ինչպես գրում է LifeNews-ը, նրանք խնամակալության մարմիններին դիմում են ներկայացրել Դմիտրի Շեպելյովի դեմ՝ պահանջելով շաբաթական գոնե երկու օր թոռնիկի հետ անցկացնելու իրավունք:
«Եթե նա կոնտակտի չգնա՝ այդ դեպքում մենք այս դիմումը կամրագրենք դատական կարգով: Ոչ ոք մտադիր չէ երեխային խլել նրանից: Մենք պարզապես ուզում ենք, որ օրենսդրությունը պահպանվի, քանի որ բոլոր ազգականները երեխայի հետ շփվելու իրավունք ունեն»,- հայտարարել է Ֆրիսկեի ընտանիքի դատապաշտպան Ալեքսանդր Կարաբանովը:
Շեպելյովը հրաժարվում է մեկնաբանություններ տալ ընտանեկան տարաձայնությունների թեմայով, բայց խնամակալության մարմիններին ներկայացված դիմումից հետո նա, այնուամենայնիվ, ստիպված կլինի պատասխանել: