Հսկայական կապույտ անցքը, որն իրենից ստորջրյա քարանձավ է ներկայացնում ու գտնվում է Բելիզի արգելախութում, պարզվում է՝ կապ ունի մայաների հնագույն քաղաքակրթության հետ:
Գիտնականներն ու պատմաբաններն ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացությանը, որ մայաների զարգացած քաղաքակրթության անհետացման առեղծվածը հնարավոր է բացահայտել Կապույտ անցքի միջոցով:
Ինչպես նշում է viralnova.com-ը, մասնագետները պարզել են, որ ժամանակին ստորջրյա քարանձավը ցամաքային է եղել և ջրի տակ է անցել, երբ ծովի մակարդակը բարձրացել է: Վերջերս նրանք քարանձավի հատակի նստվածքային շերտից ուսումնասիրության նմուշներ են վերցրել, և ստացված արդյունքը լույս է սփռել մայաների առեղծվածի վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ նստվածքային շերտում եղած հանքանյութերը կարևոր տեղեկություն են պարունակում տեղի ունեցած կլիմայական ու երկրաբանական փոփոխությունների վերաբերյալ:
Այս պարագայում գիտնականները, հիմնվելով տիտան հանքանյութի ուսումնասիրության արդյունքների վրա, հանգել են այն եզրակացությանը, որ մայաների բնակության շրջանում ուժեղ երաշտ է տեղի ունեցել: Դա հանգեցրել է համատարած սովի ու հզոր քաղաքակրթության աստիճանաբար անհետացմանը: