Հաքերների հայտնի Anonymous խումբը խոստացել է վրեժ լուծել իսլամիստներից Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրությունում ահաբեկչության համար: Իրենց տեսաուղերձում հաքերները խոստացել են «հայտնաբերել բոլոր ահաբեկիչներին, հետեւել ու ոչնչացնել նրանց մինչեւ վերջին մարդը»:
Տեսանյութում, որը ենթադրաբար տեղադրել է Anonymous-ի բելգիական մասնաճյուղը, Գայ Ֆոքսի հայտնի դիմակով մարդը ֆրանսերենով ընթերցում է իսլամիստներին պատերազմ հայտարարելու տեքստը: Դիմելով «Ալ Կաիդային» եւ «Իսլամական պետությանը», հաքերն ասում է. «Դուք սպանում եք անմեղ մարդկանց, մենք վրեժ կլուծենք նրանց մահվան համար», հաղորդում է «Ռոսբալտը»:
Այդ արշավի շրջանակներում Anonymous-ը սպառնում է ոչնչացնել սոցիալական ցանցերում իսլամիստական էջերը եւ կոտրել նրանց կայքերը: «Մենք թույլ չենք տա ձեզ շարիաթը փաթաթել մեր երկրների վզին, թույլ չենք տա ոչնչացնել մեր ազատությունները: Մենք նախազգուշացնում ենք, որ կոչնչացնենք ձեզ»,-ասված է հայտարարությունում: