Գիտություն 

Եվրոպացիները կատուներ և շներ են կերել

Հնագետները պարզել են, որ անցյալում (Բրոնզե դար, 3100-7200 տարի առաջ) եվրոպացիների դիետան ներառել է շան, կատվի և փորսուղի միս։ Այդ մասին գրում է Лента-ն՝ հղում անելով Կատալոնիայի մարդու հնէաէկոլոգիայի և սոցիալական զարգացման ինստիտուտի աշխատակիցներին։

 

Գիտնականները մարդու ատամների տեղեր են նկատել այդ կենդանիների ոսկորների վրա, որոնք հայտնաբերվել են Էլ Միրադոր քարանձավում (Սիերա դե Ատապուերկա, Իսպանիա)։

 

Բացի խոշոր կենդանիներից՝ քարանձավի բնակիչները կերել են նաև փոքր գիշատիչներ։ «Քարանձավում շներին մասնատել են, առանձնացրել միսը ոսկորներից և եփել»,- պատմել է հետազոտության առաջատար հեղինակ Պատրիցիա Մարտինը։

 

Նրա կարծիքով՝ նման սննդին մարդիկ, հնարավոր է, դիմել են միայն սովի տարիներին։ Սակայն չի կարելի բացառել և այն, որ Իբերական թերակղզում շների միսը համարվել է սպիտակուցների աղբյուր կամ թանկարժեք համադամ ուտեստ։ Հնարավոր է նաև, որ շներին սպանել են կաշվի համար, իսկ կերել են միայն կատուներին և փորսուղներին։

 

Սիերա դե Ատապուերկան հնագիտական պեղումների հայտնի վայր է իսպանական Բուրգոս քաղաքի հարևանությամբ, որը ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։

Նույն շարքից