Բարձրագույն կրթության բնագավառում նորարարությունների խթանմանը նպաստող նոր՝ Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն («ՍՏՈՒԿ փրոդաքշն») է ստեղծվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Համաշխարհային բանկի դրամաշնորհով և Նորարարություների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ստեղծված «ՍՏՈՒԿ փրոդաքշն»-ի բացումը տեղի ունեցավ հունվարի 26-ին: Միջոցառմանը մասնակցեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը բացման արարողության ընթացքում ընդգծեց, որ կենտրոնի ստեղծումը բուհի ներդրումների և նաև այլ դրամաշնորհների արդյունք է:
«Մենք այսօր, փաստորեն, ունենք փոքրիկ կինոստուդիա՝ կինոարտադրության ամբողջական համալիր: Մենք ունենք կինոտեխնիկա, որը մեզ հնարավորություն է տալիս կատարել ամբողջական արտադրություն, սկսել ֆիլմն առաջին փուլից՝ անցնելով բոլոր արտադրական փուլերով մինչև ավարտը: Սա կարևոր ձեռքբերում է ինստիտուտի համար: Անշուշտ, մեծ է կրթության և գիտության նախարարության աջակցությունն այս կենտրոնի ստեղծման գործում»,- նշեց Դավիթ Մուրադյանը: Նրա խոսքով՝ կենտրոնի տեխնիկայի շնորհիվ արդեն իսկ նկարահանվել են տարատեսակ միջոցառումներ, իսկ այժմ ուսանողները կսկսեն նկարահանել իրենց առաջին դիպլոմային աշխատանքները:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդգծեց , որ նախարարությունը մոտ 6 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք գումար էր հատկացրել, և 10 բուհ հնարավորություն էին ստացել արդիականացնել իրենց ուսումնական բազաները, կրթական ծրագրերը, ներմուծել նոր կրթական տեխնոլոգիաներ:
«Ծրագրի մեկնարկը տրվեց բժշկական համալսրանում՝ երկրի նախագահի մասնակցությամբ: Առջևում դեռ 7 ենթակառուցվածքային ծրագիր ունենք ներկայացնելու: ԵԹԿՊԻ-ն կառավարությունից շարունակական աջակցություն է ստացել և ստանալու է»,-նշեց Արմեն Աշոտյանը: Նա հորդորեց, որ կենտրոնն ակտիվ գործունեություն ծավալի և տեխնիկան ծառայի իր նպատակին և օգտագործվի, որպեսզի ուսանողները կարողանան դրսևորել իրենց ունակությունները:
Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխոխումներին համընթաց ՀՀ կառավարությունը նախաձեռնել է արդիականացնել և բարելավել բարձրագույն կրթության ֆիանսավորման համակարգ՝ ներդնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման արդյունավետ սկզբունքներ և մեխանիզմներ: Այս ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ստեղծումը, որը բարձրագույն կրթության բնագավառում նորարարությունների խթանման քաղաքականության գործիք է:
Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն-փրոդաքշնի ստեղծումը նպատակ ունի խթանել ԵԹԿՊԻ ինստիտուցիոնալ բարեփոխումները և ապահովել նորարարական տեխնոլոգիաների ներդրումը բուհում՝ համադրելով թվային մեդիայի՝ հեռուստատեսության, կինոյի, անիմացիայի, խաղարկային արվեստի նորագույն տեխնոլոգիաների կիրառոււմը ուսումնական գործընթացում: Ուսանողները հնարավորություն ունեն ստեղծագործել և թիմերով աշխատել տարբեր նախագծերի վրա: Ինստիտուտում ստեղծվել են նաև լաբորատորիաներ և տաղավարներ: