Գիտություն 

Այս սերունդը գերազանցում է Հայաստանում ծնված ցանկացած սերնդի. Արմեն Աշոտյան

Հայոց բանակի օրվա կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել էր  Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց`մասնակցելու դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը:

Շնորհավորելով Հայկական բանակի օրվա կապակցությամբ նա նշեց. «Կրթական համակարգի դերն այսօր միայն գիտելիքի փոխանցումը չէ` սիրելի մանկավարժներ, ձեզ հետ միասին մենք կերտում ենք նոր սերունդ, որը ժամանակակից է, բայց նախևառաջ հայ սերունդ է»։ Նախարարը նշեց, որ այս սերունդը կրում է իր ազգի, ժողովրդի արժեքների ողջ համախումբը, որը մեզ պահել և պահում է հայ:

«Այդ արժեքների մեջ գերագույնը սեփական հայրենիքի նկատմամբ տիրոջ զգացումն է, զգացում, որը  Ձեզ հետ միասին  փոխանցում ենք մեր երիտասարդներին, որոնք ծառայելու են մեր  սահմաններին»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը նշեց, որ այս սերունդը` հատուկ սերունդ է: «Սերունդների միջև պայքարը և տարբերությունները միշտ էլ ակնհայտ են եղել, բայց ես ավելի քան վստահ եմ, որ այսօրվա մեր սերունդն այն սերունդն է, որ, եթե տային Գարեգին Նժդեհին` կարող էր կերտել մեր ժողովրդի մշտական տեղը արևի տակ: Սա այն սերունդն է, որն իր ունակություններով, գիտելիքներով,  ազատություններով և ազատամտությամբ, հավատացեք, գերազանցում է ցանկացած այլ սերնդի, որ ծնվել է Հայաստանում»,- ասաց նա և խաղաղություն մաղթեց մեր ժողովրդին և ուժ ու կորով մեր զինվորներին:

Ամփոփելով իր խոսքը` նախարարն ասաց. «Մենք չզորակոչված զինվորներ ենք, մանկավարժների բանակը համադրելի է մեր Հայոց բանակի հետ և իր հայրենասիրությամբ և իր քանակով` շուրջ 40 հազար մանկավարժ և 400 հազար աշակերտներ կանգնած են հայ զինվորի կողքին»:

Միջոցառմանը դպրոցի սաները ներկայացրեցին բանակին նվիրված երգ ու պար:

Նույն շարքից