Հանրակրթական մի շարք դպրոցներում փորձնական եղանակով ներդրված «Ազգային երգ ու պար» առարկան սպասվածից ավելի է արդարացնում իրեն:
Այս մասին փետրվարի 3-ին լրագրղների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում մասնակցեց «Ազգային երգ ու պար» առարկայի բաց դասին, հետաքրքրությամբ դիտեց երեխաների սովորած ազգային պարերն ու լսեց երգերը: Նախարարը նույնպես պարեց դպրոցականների հետ:
Արմեն Աշոտյանը խոստովանեց, որ պարը նախօրոք չէր սովորել: «Երևի դեր խաղաց այն հանգամանքը, որ ժամանակին հաճախել եմ պարի խմբակ, ինչ-որ հիշողություններ արթնացան: Ուրախ եմ, որ այս ծրագրի մեջ ներգրավված են ազգային երգ ու պարի լավագույն մասնագետները: Ծրագիրն ամենասկզբից մեծ հնչեղություն ստացավ: Ճնշող մեծամասնությունը կողմ է ծրագրին, կան, իհարկե, քննադատողներ, որոնց թվում է, թե ժամանակակից դպրոցում այս դասաժամերը պետք է հատկացվեին մաթեմատիկայի, ֆիզիկայի կամ քիմիայի լրացուցիչ պարապմունքներին: Ես դեմ եմ ֆավորիտիզմին. յուրաքանչյուր առարկա ունի իր տեղն ու նշանակությունը: Ժամանակակակից դպրոցի առաքելությունը ժամանակակից հայ դաստիարակելն է»,-նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով՝ ընթացքում մշակվում են դասավանդման ծրագրեր, և դեռևս չկան դասագրքեր: «Շատերը երանի կտային, որ ժամանակին կարողանային սովորել այս շարժումներն ու ելևէջները: Ես շատ ոգևորված եմ այս ծրագրով: Մեծ հույս ունեմ, որ մոտ ապագայում կմշակվեն համապատասխան ձեռնարկներ, տեսաերիզներ, և ամեն տարի կընդլայնենք ծրագրի մասնակից դպրոցների ցանցը»,-նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով՝ ինքը չի կարող ասել, թե առարկան երբ կդառնա պարտադիր, քանի որ անհրաժեշտ է պատրաստել նաև մանկավարժական կադրեր: «Կգա այն օրը, երբ այս առարկան պարտադիր կդառնա, ինչ նախարար էլ գա և ինչ կառավարություն էլ լինի: Սա հայկական դպրոցի բաղկացուցիչ տարրն է լինելու»,-նշեց Արմեն Աշոտյանը:
Ծրագիրը, ՀՀ ԿԳ նախարարի հրամանով, փորձարկվում է Հայաստանի Հանրապետության մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ Երևանի թիվ 11, 20, 52, 92, 131, 150, 162 և 200 հիմնական դպրոցներում, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 և Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցներում: Առարկային հատկացվում է շաբաթը 1,5 դասաժամ, այդպիսով՝ ընդամենը 51 ժամ: