Գիտություն 

Հանրապետության լավագույն ուսանողների շարքում ավելացել էին մարզային բուհերի սաները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ամփոփեց հանրապետության «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները և  մրցանակներ հանձնեց հաղթող ճանաչված 38 ուսանողներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարնում անցկացված մրցնակաբաշխության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ երկրորդ անգամ անկցավող մրցույթի արդյունքները ոգևորիչ են եղել, և նախորդ տարվա անվանակարգերին ավելացել են նորերը: «Այս տարի մրցույթն անցկացվել է 7 անվանակարգում, որին գումարվել են նաև Վեհափառ հայրապետի կողմից սահմանված հատուկ մրցանակները: «Լավագույն ուսանող» ճանաչված բոլոր երիտասարդները ստանալու են դրամական պարգևներ, որը, հուսով է, կօգնի լուծել ուսման վարձի կամ կրթության հետ կապված այլ խնդիրներ»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով` իր համար հաճելի է եղել այն հանգամանքը, որ ողջ մրցույթի ընթացքում որևէ ծանոթից կամ բարեկամից չի ստացել հեռախոսազանգ` որևէ ուսանողի առաջնայնություն տալու խնդրանքով:

 «Արմենպրես»-ի այն դիտարկմանը, որ հաղթող ճանաչվածների թվում ավելացել էին մարզային բուհերի ուսանողները` Արմեն Աշոտյանը նշեց, որ իրենց համար ևս ուրախալի էր այդ փաստը:«Սա վկայությունն է այն բանի, որ այսօր Հայաստանում հնարավոր է ստանալ լավ կրթություն նույնիսկ Երևանից դուրս: Մյուս կողմից էլ` մարզերի ուսանողները մի քիչ ավելի աշխատասեր են լինում, և եթե միջինացված նայենք, նրանք ավելի ուշիմ են և զերծ են մնում մայրաքաղաքային կյանքի որոշ գայթակղություններից, որոնք կարող են շեղել կրթությունից: Այս տարի գրեթե հավասար էր նաև աղջիկ-տղա հարաբերակցությունը մրցանակակիրների թվում, որը ևս կարևոր է»,- ասաց նա:

Հայր Գարեգին աբեղա Համբարձումյանն էլ Վեհափառ հայրապետի անունից հատուկ մրցանակներ հանձնեց ընտրված երեք ուսանողներին և ընդգծեց, որ իրենց համար կարևոր էր մասնակցություն ունենալ կրթության ոլորտի առաջատար երիտասարդների խրախուսմանը:«Վստահ եմ, երբ օրեր հետո այս կրթաթոշակակիրները կայցելեն Մայր Աթոռ` ստանալու Վեհափառ հայրապետի օրհնությունը և իրենց մրացանակները, նրանց համար  նաև կփորձեն ավելի արդյունավետ դարձնել ուսումնառությունը և այն կօգտագործել ի շահ պետության», - ասաց նա:

Մրցույթի առաջին մրցանակակիր, Երևանի պետական համալսարանի ուսանող Հարություն Ծատրյանն էլ պատմեց, թե ինչպես է հայտնվել լավագույնների ցանկում:«Նախորդ տարի նոյեմբերին, երբ անցկացվում էր ԵՊՀ լավագույն ուսանող մրցույթը, որոշեցի մասնացել մրցույթին: Այնտեղ իմացա, որ ունեցածս բալերը հնարավորություն են տալիս մասնակցելու նաև հանրապետական մրցույթին: Հետագայում արդեն ներկայացրեցի անհրաժեշտ փաստթղթերը և, անցնելով բոլոր փուլերը` ստացա հրավեր մասնակցելու այսօրվա միջոցառմանը, որտեղ էլ տեղեկացա, որ ճանաչվել եմ հաղթող»,- նշեց Ծատրյանը: 

Նույն շարքից