Գիտություն 

Կաթողիկոսն ընդունել է «Հայրապետական կրթաթոշակին» արժանացած երեք ուսանողներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների երեք ուսանողներին` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Երվանդ Մկրտչյանին, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Անի Գինոսյանին և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Անի Երեմյանին: Նրանք ուսման ընթացքում ցուցաբերած իրենց բարձր առաջադիմության համար օրեր առաջ արժանացել են Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից սահմանված «Հայրապետական կրթաթոշակ»-ին:

 

Առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներին խրախուսելու նախաձեռնությունը Հայ եկեղեցու և ՀՀ կրթության ու գիտության նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հերթական քայլերից է:

 

Հանդիպմանը Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը Ամենայն Հայոց կաթողիկոսին է ներկայացրել կրթաթոշակակիրներին: Այնուհետև իրենց սրտի ու երախտագիտության խոսքն են ասել ուսանողները` միաժամանակ Նորին Սրբությանը վստահեցնելով, որ Հայ եկեղեցու հոգատար վերաբերմունքը պարտավորեցնող է և ավելիով նպաստելու է իրենց ուսումնառությանը:

 

Այնուհետև երիտասարդներին իր օրհնության ու գնահատանքի խոսքն է բերել Ամենայն Հայոց կաթողիկոսը` փոխանցելով «Հայրապետական կրթաթոշակը»: Նորին Սրբությունը ուրախությամբ է ողջունել կրթության ոլորտում առաջադիմություն ցուցաբերած սաներին և վստահությամբ նշել, որ լիահույս է` մրցանակակիր լինելը, լավագույն ուսանողի պատիվը կրելը պիտի քաջալերանք լինի, որպեսզի նրանք նույն ջանասիրությամբ շարունակեն գիտելիք ամբարել և իրենց մասնագիտական հմտություններով հետագայում մեծ օգտակարություն բերեն հանրությանը: Ամենայն Հայոց Հայրապետը նկատել է, որ այցը Մայր Աթոռ առիթ կհանդիսանա գեղեցիկ անդրադարձում կատարելու իրենց անձերին ու նպատակներին և կծառայի կամքի առավել զորացմանը` հնարավորություն ընձեռելով նաև հաղորդ դառնալու մեր պատմության փառավոր անցյալին:

 

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու ՀՀ տարբեր կրթական հաստատությունների միջև ձևավորված սերտ կապերին և համատեղ ձեռնարկներին, որոնք դրական ներգործություն են ունենում ուսանողության ոգու և նկարագրի կերտման պատասխանատու առաքելության վրա:

 

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Նույն շարքից