Գիտություն 

Քոլեջներում և ուսումնարաններում սովորողների թիվն ավելացել է

ՀՀ կրթության և գիտության նախարարության ջանքերով ամբողջ հանրապետության տարածքում վերջին 4-5 տարվա ընթացքում 7 հազարով ավելացել է քոլեջներում և ուսումնարաններում սովորողների թիվը:

 Այս մասին փետրվարի 13-ին Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ կատարած այցից հետո նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:Նախարարը ծանոթացավ քոլեջի ուսումնական և արտադրական հնարավորություններին, հանդիպեց և զրուցեց ուսանողների և դասախոսների հետ, հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ ունեն և արդյոք գոհ են ուսումնական գործընթացից: Ուսումնական հաստատության գրադարանում նախարարը գոհունակությամբ նշեց, որ նախկինում հայալեզու մասնագիտական գրականություն գրեթե չկար, իսկ այսօր առկա է:

«Մենք մեր կրթական քաղաքականության շրջանակում շեշտադրում ենք անում մասնագիտական կրթության վրա և տեսնում ենք պտուղները: Նման պտուղներ են ոչ միայն նյութատեխնիկական արդիականացման արդյունքները՝ ինչպես տեսանք՝ ժամանակակից լաբորատորիաներ, համակարգչային սենյակներ, առողջապահական սարքավորումներ և այլն, այլև ուսանողների թվի աճը: Եվ սա մեր ամենամեծ նպատակներից էր, որ մեր երիտասարդներն իրենց մասնագիտությունն ընտրելիս  ռացիոնալ ընտրություն կատարեն: Կարևորը, որ այս երեխաներն իրենք են կատարել իրենց ընտրությունը, եկել են արդիական հնարավորություններ ունեցող ուսումնական հասատատություն, կարծես թե լավ են սովորում, և շատերն ավարտելուց հետո աշխատանքի կանցնեն: Սա շատ կարևոր է կրթության և աշխատաշուկայի միջև կապն ամրապնդելու տեսակետից»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝  վերջին տարիներին կտրուկ ավելացել է պետական պատվերն այս ոլորտում: «Մենք հանել ենք քննությունները՝ ուսանողը կարող է անվճար մասնագիտական կրթություն ստանալ: Քննությունների վերացումը բերեց մարդկային մեծ հոսքի ավելացման և կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցման, որովհետև ընդունվում են ատեստատի միջին գնահատականով»,-հավելեց նա:

Արմեն Աշոտյանը համոզված է՝ ավելի շատ երիտասարդներ են գալիս նմանատիպ հաստատություններ, սակայն դեռևս հնարավոր չի դարձել փոխել բոլոր ծնողների մտածելակերպը՝ այն է, թե եթե բարձրագույն հաստատության դիպլոմ չէ, ուրեմն կրթություն չէ: «Ավելի լավ է լինել հմուտ ոսկերիչ կամ դիմահարդար, վարսահարդար, ունենալ երաշխավորված աշխատանք, ստանալ բարձր աշխատավարձ, քան համալրել դիպլոմավորված գործազուրկների շարքերը՝ տնտեսագիտություն, մանկավարժություն, լեզվաբանություն, բժշկություն և այլ մասնագիտություններով»,-համոզված է նախարարը:

Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի տնօրեն Անահիտ Մելքոնյանն ընդգծեց, որ վերջին 2-3 տարում մեծ թվով երիտասարդներ են ընդունվում ուսումնական հասատատություն: «Հիմա ունենք շուրջ 350 սովորող, որոնց 60 տոկոսը պետպատվերի շրջանակում է սովորում, վարձը 130-150 հազար դրամի սահմաններում է»,-նշեց նա:

Այցի ավարտին նախարար Արմեն Աշոտյանը քոլեջի ուսանողների հետ մասնակցեց Տյառնընդառաջի արարողությանը: 

Նույն շարքից