Գիտություն 

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդես է եկել Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսությամբ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Հալեպում փետրվարի 12-ին տեղի է ունեցել ցեղասպանությունների ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը նվիրված քննարկում: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Հալեպի հայ համայնքի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգևորականներ:

 

Միջոցառմանը «Հայոց ցեղասպանության խնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում» խորագրով դասախոսությամբ է հանդես եկել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը: Իր ելույթում նա, մասնավորապես, նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հանդիսանում է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկը, և որ Հայաստանը, որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի հայրենիք, մեծ պատասխանատվություն է կրում ապագայում ցեղասպանությունների կանխարգելման համար միջազգային հանրության գործադրած ջանքերում: Որպես դրա վառ օրինակ` Տիգրան Գևորգյանը մատնանշել է Հայաստանի կողմից նախաձեռնած և Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը միջազգային ամենաբարձր հարթակներից բազմիցս բարձրացրել է Ցեղասպանության հանցագործության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման կարևորությունը:

 

Խիստ կարևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացումը` գլխավոր հյուպատոսը նշել է, որ այն Հայաստանի և աշխարասփյուռ հայության պայքարի ավարտ չէ` ավելացնելով, որ «հիշում ենք և պահանջում» կարգախոսով անցնող միջոցառումները նոր փուլի սկիզբն են»: Այս համատեքստում նա խիստ կարևորել է Հայաստան-Սփյուռք ամուր կապերն ու համադրված փոխգործակցությունը:

 

Դասախոսության ավարտից հետո գլխավոր հյուպատոսը պատասխանել է ներկաների հարցերին:

Նույն շարքից