«Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան դաշտային հրամանատարը Սիրիայում սպանվել է ավիահարվածի հետևանքով: Այս մասին հայտնում են իրավապաշտպանները, սակայն, թե կոնկրետ որ երկրի ուժերն են սպանել գրոհայինին, չի հստակեցվում, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ սաուդցի Աբդալահ Իբրահիմ էլ-Չարեհը, ով հայտնի էր որպես դաշտային հրամանատար Սանաֆի էլ-Նասր, հինգշաբթի օրը սպանվել է ավիահարվածի հետևանքով իր երկու զինակիցների հետ: Սակայն ըստ իրավապաշտպանների` տվյալ պահին պարզ չէ` գրոհայինը սպանվել է ռուսական, թե ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից, չնայած որ ջիհադիստների օգտահաշիվներում նշվում է, որ հարվածն իրականացրել է ամերիկյան անօդաչու սարքը:
Ըստ ԱՄՆ հետախուզության տվյալների` Էլ-Չարեհը գլխավորել է Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբավորման օպերացիաները: Նա այն 6 մարդկանցից էր, որոնց դեմ 2014-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն պատժամիջոցներ է սահմանել: