Մշակույթ 

Մեկնարկեց «Սոսե-2015» միջազգային կինոփառատոնը

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Սոսե-2015» միջազգային կինոփառատոնի բացումը: Հանդիսավոր արարողությունից առաջ, փառատոնի հիմնադիր նախագահ Ռիտա Խալաթյանը և ժյուրիի անդամները հանդես եկան մամլո ասուլիսով: Փառատոնի նախագահի խոսքով՝ այս տարի կինոփառատոնը անցկացվում է միջազգային ֆորմատով, իսկ նախորդ տարի այն եղել էր հանրապետական փառատոն:

«Փառատոնի միջազգային հայտարարելու կարևորությունը կայանում է նրանում, որ թերևս մեր տարածաշրջանի համար շատ կարևոր է միջազգային ամենատարբեր միջոցառումների կազմակերպումն ու փորձի փոխանակումը, մշակութային երկխոսությունը»,- ասաց Ռ. Խալաթյանը:

«Սոսե-2015» միջազգային կինոփառատոնը մեկնարկեց Լյումերներ եղբայների «Գնացքի ժամանաումը» ֆիլմի ցուցադրությամբ, որն ուղեկցվեց փոքրիկ բեմադրությամբ:

Փառատոնի առաջին ոչ մրցութային ֆիլմը ռեժիսոր Արամ Շահբազյանի՝ «Փրկության քարտեզ»-ն էր, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ռիտա Խալաթյանի խոսքով՝ այս տարի «Սոսե-2015» միջազգային կինոփառատոնի «հատուկ թեմա» մրցութային ծրագրի թեման է «Պահպանիր մարդուն», որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նա նշեց, որ «Սոսե-2015» միջազգային կինոփառատոնին այս տարի ֆիլմի հայտ են ներկայացրել 74 երկրից, ընտրվել է 98 ֆիլմ 40 երկրից, որոնք համապատասխանում են կինոփառատոնի բովանդակությանն ու կանոնակարգին:

Այս տարվա ժյուրիի կազմում են՝ Աշոտ Ադամյան (Հայաստան), Դայանա Անգելսոն (ԱՄՆ), Արթուր Թումասյան (ԱՄՆ), Էնրիկո Ալեքսանդր Ջորդանո (Ֆրանսիա), Արտո Խաչատուրյան (Հայաստան), Սառա Ջոե Վոլանսկի (ԱՄՆ), Գարեգին Գրիգորյան (Հայաստան):

Նշենք, որ ֆիլմերի դիտումները տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, Գոյ թատրոնում, ԵԹԿՊԻ-ում՝ հոկտեմբերի 18-23-ը: Մուտքն ազատ է:

Նույն շարքից