Առողջապահություն 

Դպրոցահասակ երեխաներին փոխանցվեցին առողջ ապրելակերպին վերաբերող և էկոգիտելիքներ

analitik.am

«Ինդիգո» մանկական ակումբում կազմակերպված ամառային դպրոցին մասնակից 6-13 տարեկան շուրջ 15 երեխաներ ստացան առողջ ապրելակերպին վերաբերող գիտելիքներ:

Երեխաներին առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին ու սպորտով զբաղվելու անհրաժեշտությանը վերաբերող գիտելիքները տրամադրվեցին ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում  «Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» հ/կ-ի իրականացրած «Օրգանական գյուղատնտեսության՝ որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը գյուղաբնակ երիտասարդների ներգրավմամբ» ծրագրի ընթացքում:

«Ինդիգո» մանկական ակումբի հիմնադիր Իրինա Փահլևանյանը նշեց, որ նման զրույցները դպրոցահասակ երեխաների շրջանում կարևոր են հատկապես այն պատճառով, որ դրանք վերաբերում են երեխաների առողջությանը: Այն մասին, թե որքանո՞վ են ՀՀ հանրակրթական դպրոցները կարողանում լիարժեք գիտելիքներ տալ երեխաներին նման թեմաների վերաբերյալ, Իրինա Փահլևանյանն ասաց. «Հիմա հանրակրթությունն էլ է դարձել բազմաշերտ, և նման գիտելիքներ երեխաներին դպրոցներում էլ են փոխանցում: Բացի այդ տեղեկատվական այս դարաշրջանում երեխաներն ավելի զարգացած ու տեղեկացված են»:

«Օրգանական գյուղատնտեսության՝ որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը գյուղաբնակ երիտասարդների ներգրավմամբ» ծրագրի համակարգող Անահիտ Ստեփանյանը նշեց, որ նման հանդիպումների և դասընթացների ընթացքում աշակերտների շրջանում ձևավորվում է էկոգիտակցություն, երեխաները գիտելիքներ են ստանում շրջակա միջավայրի հետ գրագետ շփման վերաբերյալ: Այնուհետև շարունակեց. «Աշակերտներին փոխանցում ենք գաղափարներ և գիտելիքներ առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի, վնասակար սովորություններից հնարավորինս զերծ մնալու վերաբերյալ»:

Երեխաները դիտեցին ֆիլմ, որը վերաբերում էր աղբի խնդրին, մասնավորապես ֆիլմը այն մասին էր, թե տոպրակների մեջ եղած սննդի մնացորդներով սնվելը ինչպես է վնասում թռչունների առողջությանը: Այնուհետև երեխաները ստեղծեցին կանաչ ծառի փոքրիկ անկյուն, որտեղ փակցրին փոքրիկ թղթե կտորների վրա գրված տեղեկություններ այն մասին, թե որ բանջարեղենն ու միրգը ինչ օգտակարություն ունեն և որոնք չի կարելի իրար կողք աճեցնել:

Անահիտ Ստեփանյանը նշեց, որ այսպիսով երեխաներին պատրաստում են դպրոցում բնագիտություն առարկայի ուսումնասիրմանը. «Գիտենք, որ դպրոցներում դասավանդվում է բնագիտություն առարկան: Ուստի մենք նմանատիպ տեղեկատվական դասընթացներով երեխաներին պատրաստում ենք այդ առարկայի ուսումնասիրմանը, որ ավելի պատրաստված լինեն ու կարողանան ակտիվ մասնակցել քննարկումներին»:

Նշենք նաև, որ ուսումնական հաստատությունների ցանկության դեպքում նմանատիպ տեղեկատական դասընթացներ կկազմակերպվեն նաև այլ կրթօջախներում:

 

Նույն շարքից