Առողջապահություն 

Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը հասել է 2097-ի

analitik.am

Լիբերիայում, Գվինեայում եւ Սիերա-Լեոնեում մոլեգնող Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը, առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաղորդմամբ, 2097-ի է հասել:


Միաժամանակ, ԱՀԿ-ի տվյալներով, հիշյալ երկրներում վարակվածների ընդհանուր թիվը առնվազն 3944 է կազմում, հաղորդում է Yahoo.com-ը:


Մահացու վիրուսը, որի դեմ լիարժեք կլինիկական փորձարկումներ անցած դեղամիջոցներ կամ պատվաստանյութեր դեռեւս գոյություն չունեն, ամենամեծ վնասը Լիբերիային է հասցրել. այստեղ հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 1089 է կազմում: Լարված դրություն է նաեւ հարեւան Սիերա-Լեոնեում, որտեղ շաբաթական զոհերի թիվը 150-ի է հասնում: ԱՀԿ-ի հաղորդմամբ, Նիգերիայում մահացու տենդին զոհ է գնացել 8 մարդ, եւս 22-ը վարակվել են:  Տենդից մահացության ընդհանուր մակարդակը 50 տոկոս է կազմում: 


ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնական Մարի-Պոլ Կինիի կանխատեսմամբ, Էբոլա վիրուսով հրահրվող տենդի դեմ մշակված երկու հեռանկարային պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների արդյունքները ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա դրությամբ են պատրաստ լինելու:


Միաժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հաղորդմամբ, համաշխարհային կազմակերպությունը 6-9 ամիսների ընթացքում Էբոլայի դեմն առնելու նպատակ է հետապնդում: Նրա համոզմամբ, հիշյալ նպատակին կարելի է հասնել միայն այն պարագայում, եթե ինչպես վիրուսից տուժած երկրներում, այնպես էլ միջազգային հանրության կողմից ջանքերի անհապաղ մոբիլիզացում իրականացվի:

Նույն շարքից