Առողջապահություն 

Սիերա-Լեոնեի կառավարությունը ողջ երկրով մեկ «խիստ մեկուսացման» քառօրյա ռեժիմ է հայտարարել

analitik.am

Սիերա-Լեոնեի կառավարությունը, Էբոլա հեմոռագիկ տենդի համաճարակի դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ողջ երկրով մեկ «խիստ մեկուսացման» քառօրյա ռեժիմ է հայտարարել:

 

Սեպտեմբերի 18-21-ն ընկած ժամանակատվածի ողջ ընթացքում երկրի բնակիչները ստիպված կլինեն տանը մնալ: Այս միջոցառման շնորհիվ բժիշկներին կհաջողվի մանրազննին ստուգումներ անցկացնել եւ վիրուսով վարակման վաղ փուլերով բնորոշվող բոլոր դեպքերը բացահայտել, հաղորդում է Reuters-ը:

 

«Այս ագրեսիվ մոտեցումը վիրուսի տարածումը մեկընդմիշտ կասեցնելու նպատակ է հետապնդում», - գործակալության վկայակոչմամբ, հայտարարել է երկրի նախագահի խորհրդականներից մեկը:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղեկություն էր տարածել առ այն, որ Էբոլա վիրուսով հրահրվող հեմոռագիկ տենդի զոհերի թիվը Արեւմտյան Աֆրիկայի երկրներում 2015-ի է հասել, իսկ վարակվածների ընդհանուր թիվն առնվազն 3944 է կազմում: Զոհերից գրեթե 500-ը Սիերա-Լեոնեի բնակիչներ են: 

 

ԱՀԿ-ի կողմից՝ մահացու վտանգավոր վիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի կազմակերպման նպատակով մշակված «ճանապարհային քարտեզը», մինչ համաճարակի կասեցումը, 6-9 ամիս տեւողությամբ աշխատանքների իրականացում է ենթադրում: Մինչ այդ, կազմակերպության գնահատմամբ, հեմոռագիկ տենդով վարակվածների թիվը կարող է 20 հազարի նշաձողը հատել:

 

Էբոլայի՝ համաշխարհային մասշտաբով հաղթահարման համար, ՄԱԿ-ի գնահատմամբ, 600 մլն ԱՄՆ դոլարի կարիք է զգացվում:

Նույն շարքից