Առողջապահություն 

Բարեգործական ակցիա Էջմիածնում. պացիենտները երեխաներն են

analitik.am

Արմավիրի մարզը և Մասիս քաղաքի 7-14 տարեկան 400-500 երեխաներ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն կունենան արտասահմանցի ատամնաբույժների կողմից անվճար բուժօգնություն ստանալ: Ծրագիրը կյանքի է կոչվել Arm-in Arm և «Բարձունք 5165» հասարակական-բարեգործական կազմակերպությունների համատեղ ջանքերով:


Ինչպես Analitik.am-ի հետ զրույցում ասաց «Բարձունք 5165» հասարակական-բարեգործական կազմակերպության գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանը, բարեգործական ակցիաներ իրենք իրականացնում են արդեն 2 տասնմյակից ավել, և սա իրենց աջակցությամբ կյանքի կոչված հերթական ծրագրերից մեկն է: «Arm-in Arm-ի՝ ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից և Ռուսաստանից ժամանած մասնագետները, ովքեր ի դեպ, արդեն երկրորդ անգամ են Հայաստանում, երեխաներին կընդունեն Էջմիածնի թիվ 13 ֆրանսիական դիսպանսերում: Նրանք այստեղ կաշխատեն 4 օր՝ ատամնաբուժական ծառայություններ մատուցելով դպրոցահասակ մոտ 500 երեխաների: Մեր կողմից կազմազկերպված բարեգործական ակցիաներից, ընդհանուր առմամբ, կարող են օգտվել զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները, Արցախյան ազատամարտի վետերաններն ու նրանց ընտանիքների անդամները, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաները, սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները, ինչպես նաև 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները»,- նշեց Լուսինե Մելիքյանը:


Բարեգործական ծրագրի ղեկավար Դորեթի Սթայներթն էլ իր հերթին նկատեց, որ երեխաներին օգնելն իրենց կազմակերպության բժիշկների կիրքը և մղումն է: «Մենք անում ենք ամեն բան, որպեսզի երեխաներն առողջ լինեն և միշտ ժպտան: «Ես, որպես բժիշկ, խիստ կարևորում եմ բերանի խոռոչի առողջությունը, քանի որ բերանն օրգանիզմի բանալին է: Բերանի առողջ խոռոչ, նշանակում է առողջ օրգանիզմ»,- նշեց նա՝ հավելելով, որ հանուն երեխաների առողջության՝ իրենք պատրաստ են ի սպաս դնել իրենց տաղանդն ու ձեռքերի ուժը՝ Աֆրիկայից մինչև Հայաստան, Հայաստանից մինչև իրենց կարիքն զգացող այլ երկրներ:


Նշենք, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիրակության կենտրոնի տնօրեն, տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը՝ նշելով, որ բարեգործական ակցիայի շրջանակներում Հայաստան եկած բժիշկները աստվածահաճո գործ են կատարում:


Նշենք նաև, որ բարեգործական ծրագրի՝ Հայաստանում կայանալուն մեծապես աջակցել է «Էպիցենտր» հիմնադրամը, ի դեմս՝ գործադիր տնօրեն Գարիկ Ադամյանի և համահիմնադիր Վահե Ջիլավյանի:

Նույն շարքից