Առողջապահություն 

Վերահսկիչ պալատը կաջակցի առողջապահական ոլորտի խնդիրների լուծմանը

analitik.am

 ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Իշխան Զաքարյանը ներկայացրել է, որ Արմեն Մուրադյանի հետ մեկ ամիս առաջ կայացած գործնական հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ոլորտում առկա խնդիրները համատեղ քննարկել` դրանք ժամանակին վերացնելու նպատակով: «Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Վերահսկիչ պալատը միայն պատժող ձեռք չէ, այլ ձգտում է նաև աջակցել։ Հաշվի առնելով, որ ստուգող աչքը շատ բան է տեսնում, փորձում ենք ընթացքում վեր հանված թերություններն ու բացթողումները շտկել»,-ասել է Վերահսկիչ պալատի նախագահը` նշելով, որ անցած տարի այդ սկզբունքով  փորձնական աշխատել են Կրթության և գիտության նախարարության մի քանի ծագրերի ստուգման ընթացքում։  

«Արդյունքը մեծ էր։ Հենց ստուգումների ընթացքում բավական մեծ գումարներ վերադարձվեցին պետական բյուջե կամ նախարարի հայեցողությամբ տնտեսված գումարներն ուղղվեցին այլ ծրագրերի կատարմանը»,-ասել է Իշխան Զաքարյանը։ Վերահսկիչ պալատի նախագահը նշել է, որ առողջապահական-սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը, որոնք ռիսկեր են պարունակում, իրենց տեսադաշտում կլինեն առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Այնուհետև Իշխան Զաքարյանն անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունում 2013 թվականին կատարված ստուգումների արդյունքում բացահայտված թերություններին։  

 

«Մենք խնդիրն ընդհանուր բարձրացնում ենք, բայց երբեմն պարզվում է, որ մի քանի հասցեատեր կա»,-ասել է նա` բերելով տարբեր բուժհաստատություններում սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցող քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման ծրագրում բացահայտված խախտումը։ Պարզվել է, որ այդ անձանց համապատասխան փաստաթղթերը տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվել են գործող կարգի խախտումներով, իսկ բուժհիմնարկները չեն կարող չընդունել դրանք։ Այս կապակցությամբ Արմեն Մուրադյանը ևս հավաստել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, որն ինքնին ոլորտի զարգացման խիստ անհրաժեշտ գործիք է։ Առանց տվյալների այդ բազայի յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է կասկածի տակ վերցվել։  


Իշխան Զաքարյանը ներկայացրել է բացահայտված այլ թերություններ ևս։ Առանձնակի կարևորել է դեղերի խնդիրը։ Նշվել է, որ Վերահսկիչ պալատն այժմ միջազգային չափորոշիչով վերահսկողության մոդել է ներդրել։ Դա նշանակում է, որ գնման ցանկացած պայմանագիր պետք է ստուգվի մի քանի դիտակետով` գինը (արյո՞ք այն իրատեսական է և շուկայական արժեքներին մոտ), որակը (արդյո՞ք այն ապահովում է անհրաժեշտ արդյունավետությունը) և հասցեականությունը։ Սա վերաբերում է գնումների ամբողջ համակարգին։ Նշվել է նաև, որ այս առումով դեղերի որակի խնդիրն առկա է։ Ոչ առանց հիմքի դժգոհություններ կան կենտրոնացված գնումներով ձեռք բերված հակադիաբետիկ հաբերի և տեղական արտադրության որոշ դեղերի  որակից: «Այժմ մենք դեղերի շրջանառության ոլորտում նոր ստուգումներ ենք իրականացնում։ Չեմ թաքցնում, որ լուրջ խնդիրներ կան թե՛ գների, թե՛ որակի և ամենակարևորը` հասցեականության ապահովման առումով»,-ասել է Իշխան Զաքարյանը։


Հիշեցնելով ինսուլինիով ապահովման  2008-2009թթ. ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված լուրջ բացթողումները` Իշխան Զաքարյանը նշել է, որ անհրաժեշտություն չկար ամեն տարի մրցույթ կազմակերպելու, եթե ակնհայտ էր, որ այդ նույն դեղը մշտապես որոշակի քանակությամբ պետք է։ Որպես դրական օրինակ բերվել է ինսուլինի ձեռքբերման նպատակով անմիջապես արտադրողի` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերության հետ 5 տարվա  պայմանագրի կնքումը։ «Համարձակորեն պետք է առաջ գնանք և երկարաժամկետ նման պայմանագրեր կնքենք։ Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել գերմանիայի մեր գործընկերների հետ, որպեսզի մի քանի հեղինակավոր կազմակերպություններից բերվող դեղերն ուղարկենք կրկնակի փորձաքննության»,-ասել է Իշխան Զաքարյանը։


Առողջապահության նախարարը ևս համագործակցության իր մեծ պատրաստակամությունն է հայտնել։ «Վերահսկիչ պալատի կողմից բարձրացված բոլոր խնդիրները և դրանց ուղղությամբ ներկայացված առաջարկությունները հիմնականում արտացոլում են առողջապահության ոլորտում առկա իրական խնդիրները։ Եւ մենք հետևողականորեն շարունակելու ենք  դրանք շտկելու ուղղությամբ համակարգային քայլերը` համագործակցելով նաև Վերահսկիչ պալատի հետ»,-ասել է Արմեն Մուրադյանը։

«Մենք ուզում ենք համակարգային լուրջ բարեփոխումներով արմատախիլ անել այդ խնդիրները։ Որոշակի բացեր կան նաև օրենսդրական դաշտում։ Դրանք մենք կառուցողական համագործակցությամբ կարող ենք կարգավորել»,-ասել է նախարարը։ Որպես օրենսդրական բաց` ներկայացվել է դեղի կամ պատվաստանյութի գնման ժամանակ տեխնիակական բնութագրում միայն մեկ չափորոշչի` երկրում նրա գրանցված լինելու առկայությունը։ Իսկ որակի, արդյունավետության և հասցեականության ապահովման համար լծակներ չկան։ Դրա արդյունքում ամենից ցածր գնով ձեռք բերված հակադիաբետիկ հաբերից հիվանդների մի հատված հրաժարվում է։

«Պետք է օրենսդրական դաշտը թույլ տա, որ տեխնիկական բնութագրերը ոչ թե նեղացնեն դաշտը, այլ գնվող դեղի, սարքավորման որակն ապահովող չափորոշիչներ գործեն։ Ձեր կառույցի, փորձագետների ուղղակի աջակցությամբ պետք է փորձենք այնպիսի բնութագրեր ստեղծել, որ ոչ թե դաշտը նեղացնենք, այլ հակառակը՝ որակ` հետևաբար արդյունավետություն և հասցեականություն ապահովենք։ Մանավանդ, որ դուք այսօր արդեն արտասահմանյան երկների մասնագետների ձևավորված կարծիքն ունենք։ Ողջունելի է կառուցողական Ձեր մոտեցումը. տարեվերջին սխալներն ու խնդիրներն արձանագրելու փոխարեն ընթացքում դրանք վեր հանել և համատեղ ջանքերով օր առաջ շտկել կամ լուծել։ Այս մոտեցումը կնպաստի առողջապահական ոլորտի բոլոր գնումների արդյունավետության  բարձրացմանը, հետևաբար և առողջապահական ցուցանիշների բարձրացմանը»,-ընդգծել է Արմեն Մուրադյանը։  


Նախարարը նաև տեղակացրել է, որ հակատուբերկուլոզային ծառայությունում բացահայտված խնդիրները բազմակողմանի ուսումնասնիրության են ենթարկվել։ Արդյունքում երկու կառույցները միավորվել են, Վերահսկիչ պալատի կողմից արված դիտողությունների արդյունքում ֆինանսավորման մեխանիզմների փոփոխություններ են կատարվել, ինչն այսօր արդեն տնտեսումների հնարավորություն է տվել։ Իշխան Զաքարյանը հավաստիացրել է, որ այժմ իրականացվող երեք ծրագրի ուսումնսիրության ընթացքում  առկա բոլոր խնդիրները համատեղ կքննարկվեն և վերլուծությունների արդյունքում լուծումներ կգտնվեն։ «Նախարարը ճիշտ նկատեց, որ նաև օրենսդրական դաշտի բացն է խոչընդոտում։ Մենք բոլոր հնարավորությունները կօգտավործենք խնդիրներին պարզ ու տեսանելի լուծումներ տալու համար»,-ասել է Իշխան Զաքարյանը` առաջարկելով առկա այլ խնդիրներին ևս անդրադառնալ, մանավանդ, որ սոցիալական ծրագրերը մեկ առ մեկ դեռ պետք է ուսումնասիրվեն։  


Երկուստեք վստահություն է հայտնվել, որ ստեղծված աշխատանքային խումբն արդյունավետ կաշխատի, աշխատանքային կարգով դրվագ առ դրվագ քննարկումներ կկազմակերպվեն տարիներ շարունակ կուտակված խնդիրները օր առաջ լուծելու և  իրավիճակը բարելավելու նպատակով։


Իշխան Զաքարյանին շնորհակալություն հայտնելով կատարած այցի համար` Արմեն Մուրադյանը կոչ է արել նախարարության բոլոր կառույցներին ու ստորաբաժանումներին ջանադրաբար օգտվել ընձեռնված հնարավորությունից։ Առավել ևս, որ Վերահսկիչ պալատն ամենաբարձր մակարդակով աջակցության իր պատրաստակամությունն է հայտնում։

Նույն շարքից