Առողջապահություն 

Էբոլայի հետ կապված իրադրությունն անվերահսկելի է

analitik.am

Էբոլայի հետ կապված իրադրությունն անվերահսկելի է դառնում, հայտարարել է Սպիտակ Տան ղեկավար Բարաք Օբաման՝ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման գործակալության՝ Ատլանտայում (Ջեորջիա նահանգ) գտնվող կենտրոնակայան այցից եւ առողջապահական ոլորտը ներկայացնող մի շարք փորձագետների հետ հանդիպումից հետո: 

 

«Իրադրությունն օր առ օր վատթարանում եւ անվերահսկելի է դառնում: Վիրուսը սկսել է ավելի եւ ավելի արագ տարածվել: Այսօր Արեւմտյան Աֆրիկայում վարակվածների թիվն արդեն հազարների է հասնում, եւ շուտով կարող է տասնյակ հազարներ կազմել», - նշել է ԱՄՆ նախագահը:

 

ՌԻԱ-Նովոստի գործակալության փոխանցմամբ, Օբաման նաեւ հաստատել է այն տեղեկությունը, որ, ամերիկյան փորձագետների գնահատմամբ, վիրուսի՝ Միացյալ Նահանգներում տարածման հավանականությունը չնչին է:

 

ԱՄՆ ղեկավարը վտանգավոր հիվանդության դեմ պայքարի շրջանակում Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներին աջակցության ցուցաբերմանը միտված ջանքերի կոորդինացիայի նպատակով Լիբերիայում հատուկ շտաբի ձեւավորման մասին է հայտարարել:

 

The Wall Street Journal-ին վկայակոչմամբ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկություն է տարածել առ այն, որ շտաբի աշխատանքները ամերիկացի գեներալ է ղեկավարելու, որի ժամանումը Մոնրովիա ընթացիկ շաբաթվա վերջին օրերին է ակնկալվում: Նրա կողմից վերահսվելիք ջանքերն «Համընդհանուր աջակցության գործողություն» անվանումն են ստացել:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են, Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ պայքարի շրջանակում, շուրջ 3 հազար զինվորականների ուղարկել Արեւմտյան Աֆրիկա:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից տարածված վերջին հաղորդագրության համաձայն, մահացու վտանգավոր վիրուսի զոհերի թիվը 2,4 հազարի է հասել, վարակվածներինը՝ 4,7 հազար:

Նույն շարքից