Բոսթոնում նոյեմբերի 1-ին կկայանա հայ կոմպոզիտորների վոկալ երաժշտության համերգ: Ուշագրավ է, որ բոլոր համերգներում հայ երգահանների ստեղծագործությունները ամերիկացի երաժիշտներ են ներկայացնելու: Այս մասին հայտնել են Հայաստանի կոմպոզիտորների միության մամուլի ծառայությունից:
Հայաստանի կոմպոզիտորների միության ու Ամերիկայի հայկական թանգարանի միջեւ վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծագործական բեղուն կապեր են հաստատվել: Դա հնարավոր է դարձել Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի ու թանգարանի տնօրեն Բերջ Չեքիջյանի պայմանավորվածությունների շնորհիվ:
Անցած տարվա ընթացքում Հայկական թանգարանի դահլիճում Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ կազմակերպվել են Հայկական ժամանակակից կամերային երաժշտության փառատոն ու Ցեղասպանության 100- ամյակին նվիրված համերգ:
Գալիք նոյեմբերյան համերգում «Bostonian» հանրահայտ վոկալ անսամբլի կատարմամբ կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Քոթոյանի, Աճեմյանի, Վարդազարյանի, Աշոտ Սաթյանի, Մավիսակալյանի, Սաթունցի, Երզնկյանի, Հախինյանի, Արամ Սաթյանի, Հեքիմյանի, Ավետիսյանի, Աբրահամյանի եւ շատ այլ երգահանների երգեր:
Ստեղծագործությունների ցանկը կազմել է Հայաաստանի կոմպոզիտորների միությունը: Միջոցառումների գեղարվեստական ղեկավարն է լինելու կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը՝ Հայաստանի կոմպոզիտորների միության արտասահմանյան հանձնաժողովի համանախագահը: