Առողջապահություն 

Սիեռա Լեոնեում կա Էբոլայի 92 զոհ

analitik.am

Սիեռա Լեոնեում ազգային կարանտինի ընթացքում հայտնաբերվել է Էբոլա մահացու վիրուսից զոհվածների 92 դի: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությանը, բացահայտվել է նաեւ վարակման 56 նոր դեպք:

Պատմության մեջ աննախադեպ կարանտինի ընթացքում 30 հազար կամավորներ բնակիչներին բացատրում էին՝ ինչպես խուսափել վիրուսով վարակվելուց եւ 1,5 մլն կտոր օճառ են բաժանել հիգիենան ապահովելու համար: Դրա հետ մեկտեղ, գործակալության աղբյուրի տվյալներով, կարանտինը, որի ընթացքում 6-միլիոնանոց բնակչությունը ստիպված էր գտնվել տներում, ամենայն հավանականությամբ կերկարաձգվի:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում արդեն ավելի քան 2,6 հազար մարդու կյանք է խլել, վարակված են ավելի քան հինգ հազարը: Գործնականում մահվան ու վարակման բոլոր դեպքերը բաժին են ընկնում երեք երկրի՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Մարգարեթ Չենը ներկայիս համաճարակը համարել է «խաղաղ ժամանակ խոշորագույն մարտահրավերը, որին ՄԱԿ-ին երբեւիցե հարկ է եղել բախվել»: Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութ չկա,

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 18-ին կայացած արտակարգ նիստում հրապարակել է Էբոլա տենդի տարածման դեմ պայքարի՝ իր կողմից ստեղծվող միջազգային հանձնաժողովի հինգ գերակայություն: «Դա միջազգային առաքելություն է, որը կոչվելու է «Էբոլայի տարածմանը շտապ հակազդելու ՄԱԿ-ի առաքելություն», UNMER, այն կունենա հինգ գերակայություն՝ կասեցնել վիրուսի տարածումը, բուժել վարակվածներին, ապահովել անհրաժեշտ ծառայություններով, աջակցել կայունությանը եւ կանխել հիվանդության հետագա տարածումը»,- ասել է Պան Գի Մունը:

Նրա խոսքով՝ առաքելության առաջին խմբերից մեկը համաճարակի վայր ժամանի մինչեւ սեպտեմբերի վերջը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից