Իրավական 

ՍԴ-ն որոշում կայացրեց հօգուտ լրատվամիջոցների՝ տեղեկատվության աղբյուրը չի բացահայտվի

Սահմանադրական դատարանն այսօր քննելով երկու լրատվամիջոցների՝«Հրապարակ» օրաթերթի և iLur.am կայքի դիմումի հիման վրա գործը, որոշում կայացրեց՝ տեղեկատվության աղբյուրը չի բացահայտվի:

Նշենք, որ վիճարկվում էր «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի և «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի դիմումների հիման վրա` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի երկրորդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 279-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

«Զանգվածային լրատվության միջոցների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը. սույն որոշման մեջ ՍԴ-ի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում, իրավունքի գերակայությամբ առաջնորդվող ժողովրդավարական պետությունում, իրավական որոշակիության սկզբունքներից ելնելով, տեղեկատվության աղբյուրի բացահայտման օրինական շահը գերակա է»,- որոշման եզրափակիչ մասը ընթերցեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Այդ իրավապայմաններից առնվազն մեկի առկայությունը միայն իրավաչափ հիմք կարող է հանդիսանալ օրենքով սահմանված կարգով ու վեճի առարկա դրույթով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքում տեղեկատվության աղբյուրի բացահայտման համար»,-ասաց նա:

Գագիկ Հարությունյանի խոսքով` դիմողների նկատմամբ սահմանված վերջնական դատական ակտերը ենթակա են վերանայման, քանի որ վեճի առարկա դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ:

Դիմող կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանն այս որոշումն ամբողջությամբ բավարարեց:

«Մենք ամբողջությամբ բավարարված ենք ՍԴ որոշումից. եռամսյա ժամկետում դիմելու ենք Վճռաբեկ դատարան` պահանջելով գործի վերաբացում»,-ասաց նա:

Մանրամասն՝ tert.am

Նույն շարքից