Առողջապահություն 

Հայ և ամերիկացի մասնագետները Կուրության կանխարգելման ազգային նոր ռազմավարություն կմշակեն

analitik.am

Երևանում վերջին օրերին ընթացող ակնաբուժական միջազգային 13-րդ համագումարի աշխատանքների ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի տնօրեն Թոմաս Լին քննարկել են համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր: Ճանաչված ակնաբույժը փոխնախարարին ներկայացրել է, որ իրենց հիվանդանոցում մասնագետների տարբեր վերապատրաստումներ են իրականացվում։ Նեոնատալ բուժքույրերի վերապատրաստման չորս դասընթացներ թարգմանվել են հայերեն և տեղադրվել Հայկական ակնաբուժության նախագծի կայքում։ Բուժքույրերը կարող են առցանց անվճար օգտվել այդ դասընթացներից։

 

 

«Մենք կարող ենք մանկաբուժության վերաբերյալ բոլոր ուղղություններով տարվող վերապատրաստման դասընթացները նկարահանել և ձեր նախարարության հետ համագործակցելով` դրանք անվճար հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության մասնագետների համար»,-ասել է Թոմաս Լին։ Նա նշել է, որ տպավորված է հայ մասնագետների պատրաստվածությունից։ «Նրանք իրենց գիտելիքներով չեն զիջում ամերիկյան և եվրոպական բժիշկներին»։

 

Վահան Պողոսյանը նշել է, որ Հայկական ակնաբուժության նախագիծը և դրա շրջանակում Մանկական կուրության կանխարգելման գերազանցության եզակի կենտրոնի ստեղծումը պետության, միջազգային կառույցների, սփյուռքի և մասնավոր հատվածի համագործակցության արդյունք է։ Նա շնորհակալություն է հայտնել ամերիկացի մասնագետին կրթական ոլորտում համագործակցության առաջարկի համար։ «Նորածինների առողջության պահպանումը մեր երկրում պետության հոգածության ներքո է, և մենք ձգտում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նրանք պետության կողմից երաշխավորված բարձր որակի բժշկական ծառայություններ ստանան»,-ասել է փոխնախարարը։


Այնուհետև քննարկվել է Առողջության համաշխարհային կազմակերպության «Առողջություն 2020» ռազմավարական ծրագրից բխող Կուրության կանխարգելման ազգային նոր ռազմավարության մշակման անհարժեշտության հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներ տանել։

Նույն շարքից