Առողջապահություն 

Հոգեբուժարաններում ներդրումներ կատարելու նպատակով ՀԲ-ի հետ բանակցություններ են տարվում

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում հոգեբուժական ծառայությունների ոլորտը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ չնայած արձանագրված դրական տեղաշարժերին, որոշ հոգեբուժարաններում դեռևս կան բացթողումներ և խնդիրներ:  Արմեն Մուրադյանը հոգեբուժական հաստատությունների ղեկավարներին հանձնարարել է գործունեությունը ծավալել բացառապես օրենսդրության շրջանակներում և ապահովել գործող նորմերի կատարումը։ Քննարկման ընթացքում կարևորվել են բժշկական օգնությանը, անվտանգությանը, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանմանը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը: Արմեն Մուրադյանը տնօրենների ուշադրությունն է հրավիրել հիվանդների իրավունքների պաշտպանության խնդրի վրա և հորդորել պաշտոնական այցերի կամ տարբեր ստուգումների ժամանակ տրամադրել միայն այն տվյալները, որոնք օրենքով սահմանափակված չեն։

 

Նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին հանձնարարվել է խստացնել հոգեբուժարանների հանդեպ հսկողությունը։ Շարունակել իրականացվող մշտադիտարկումները, ապահովել բժշկական օգնության և սպասարկման որակի, կարգուկանոնի ապահովմանն ուղղված աշխատանքները։ Կարևորվել է նաև մատակարարող կազմակերպություններից միայն որակյալ և պիտանիության համապատասխան ժամկետներ ունեցող սննդամթերքի ընդունումը։ Նշվել է, որ հոգեբուժարաններում առկա որոշ հիմնախնդիրների լուծման համար պահանջվում են խոշոր ներդրումներ, ինչի շուրջ բանակցություններ են վարվում Համաշխարհային բանկի հետ։

Նույն շարքից