Ռազմական 

ՀՀ-ն պատրաստակամ է սատարել մարդասիրական բոլոր նախաձեռնություններին. Սեյրան Օհանյան

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Պատրիկ Վիալին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման նպատակն է եղել քննարկել ՀՀ ՊՆ և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ խնդիրներն ու օրակարգային հարցերը, նախանշել առաջիկա համատեղ ծրագրերը:

Հանդիպման ժամանակ ԿԽՄԿ պատվիրակները արժևորել են Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովում ՀՀ պետական կառավարման մարմինների և հատկապես պաշտպանության նախարարության ներդրումը` շնորհակալությունհայտնելով համագործակցության և ներկայացուցչության բարձր մակարդակի համար:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ անհայտ կորածների մտացածին թվաքանակի և զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների տարածած ապատեղեկատվությունը և հայկական կողմին հասցեագրված անպատասխանատու մեղադրանքները նպատակամիտված են ոչ միայն միջազգային հանրությանը ապակողմնորոշելուն, այլև ադրբեջանական հասարակությունում հակահայկական տրամադրությունները հանցավոր կերպով խորացնելուն:

Հանդիպումը եզրափակելիս Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ին և դրա  հայաստանյան ներկայացուցչությանը համագործակցության բարձր մակարդակի համար՝ վստահեցնելով, որ ՀՀ պետական կառավարման պատկան մարմինները պատրաստակամ են սատարել կազմակերպության` մարդասիրական ուղղվածության բոլոր նախաձեռնություններին:

Նույն շարքից