Ռազմական Ֆեյսբուք 

Որքա՞ն արժե ԻՊ-ի դեմ պայքարը երկու կոալիցիաների համար

analitik.am

Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի օդատիեզերական (ՕՏՈՒ) ուժերը ռազմական գործողություններ սկսեցին Սիրիայի տարածքում՝ որպես հիմնական թիրախ հայտարարելով Արաբական Հանրապետության տարածքում «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության, ինչպես նաև՝ սիրիական հակակառավարական այլ ծայրահեղական խմբավորումների դիրքերը: Ռուսական ուժերը Սիրիայում գործում են այդ երկրի բանակային ստորաբաժանումների, լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության, իրանական, շիայական զինված խմբավորումների հետ սերտ համագործակցությամբ: Մինչդեռ Սիրիայի օդային տարածքում այս կոալիցիայի անդամներից ռազմական գործողություններին մասնակցում են հիմնականում ռուսական, մասամբ նաև՝ սիրիական օդուժները, որոնց ընդհանուր ներգրավմամբ համատեղ ռազմական գործողություններ դեռ չեն իրականացվել:

Ներկայում Սիրիայի տարածքում տեղակայված են ռուսական ՕՏՈՒ-ին պատկանող շուրջ 50 միավոր տեխնիկա, ինչպես նաև՝ 1600-2000 ռազմական ոլորտի մասնագետներ. ընդ որում, Ռուսաստանի միջամտությունը Սիրիայի տարածքում առնվազն կարճաժամկետ հեռանկարում սահմանափակվելու է բացառապես օդատիեզերական ուժերի ներգրավմամբ:

ՌԴ ԶՈՒ ԳՇ-ի օպերատիվ վարչության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 16-ի տվյալներով՝ ռուսական օդուժը Սիրիայի տարածքում իրականացրել է 669 մարտական թռիչք, խոցել ԻՊ-ի 456 թիրախ:

Ի մի բերելով ռուսական ուժերի իրականացրած ռազմական ուժերի տեղաշարժերի, գործողությունների առաջին շաբաթվա տվյալները և համադրելով դրանք ս.թ. սեպտեմբերի 14-20-ն անցկացված Центр-2015 զորավարժությունների արդյունքների հետ՝ ռուսական «Коммерсанть Деньги» պարբերականի հաշվարկներով, եթե գործողության մասշտաբները չընդլայնվեն, ապա այն Մոսկվայի համար օրական կարժենա 3 մլն դոլար, իսկ տարվա կտրվածքով՝ շուրջ 1 մլրդ դոլար:

«Ազատություն» ռադիոկայանի փորձագետների կարծիքով՝ ռուսական ռազմագործողության առաջին 2 շաբաթը Մոսկվայի համար արժեցել է 87 մլն դոլար, դարձյալ նույն ծավալով շարունակվելու պարագայում տարեկան կտրվածքով ծախսերը կհասնեն 2,26 մլրդ դոլարի: Այս համատեքստում կարևոր է ընդգծել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմագործողության շրջանակներում ներկայացվող ժամանակահատվածում Կասպից ծովում տեղակայված ռուսական նավատորմի կողմից արձակվել են Калибр համակարգի 26 թևավոր հրթիռներ ԻՊ-ի 11 թիրախների ուղղությամբ. հրթիռներից յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է 1-1,5 մլն դոլարի միջակայքում: Մինչդեռ նշված գործողությունն իր բնույթով առավելապես մանևրային էր և հազիվ թե զանգվածային կիրառություն ունենա:

Այսուհանդերձ, բոլոր հաշվարկները պայմանական են, ոչ պաշտոնական՝ կատարված փորձագիտական մակարդակով, համեմատական և համադրական մեթոդների հիման վրա, մինչդեռ ռուսական ռազմագործողության համատեքստում շատ բան կախված է հենց Սիրիայի տարածքում ընթացող ռազմական գործողությունների բնույթից, դրանց արդյունավետության աստիճանից և այլն:

Համեմատության համար բերենք նույն ԻՊ-ի դեմ արդեն Իրաքի և Սիրիայի տարածքներում մարտնչող ԱՄՆ-ի գլխավորած և շուրջ 60 երկրներից կազմված ռազմական կոալիցիայի գործունեության՝ անցյալ 1 տարվա ամփոփիչ հաշվետվության տվյալները նաև ֆինանսական տեսանկյունից:

Ըստ այդմ՝ Պենտագոնի կողմից սեպտեմբերի 29-ին ներկայացված հաշվետվության համաձայն՝ անցյալ 1 տարվա ընթացքում դաշնակից երկրների օդուժն իրականացրել է ընդհանուր առմամբ 56819 մարտական թռիչք, որոնց ընթացքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հասցվել է 7162 ավիահարված, այդ թվում՝ 4 583-ն Իրաքում, 2 579-ը՝ Սիրիայում:
ԱՄՆ-ն իրականացրել է 5 590 ավիահարված, որից 3125-ն Իրաքում, 2442-ը՝ Սիրիայում:
Ընդհանուր առմամբ խոցվել է շուրջ 10700 թիրախ, սպանվել շուրջ 11 հազար զինյալ: Իսկ օգոստոսի 31-ի տվյալներով՝ ռազմագործողությունը Վաշինգթոնի համար արժեցել է 3,87 մլրդ դոլար:

Ընդհանուր առմամբ ներկայացված տվյալները հնարավորություն են ընձեռում որոշակի համեմատականներ անցկացնել նաև երկու կոալիցիաների հարվածների ինտենսիվության ու արդյունավետության մասին: Այս համատեքստում, կարելի է նշել, որ իր գործունեության ընդամենն առաջին 16 օրվա ընթացքում ռուսական ՕՏՈՒ-ն արդեն իսկ գերազանցել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողության տարեկան ցուցանիշների շուրջ 2,5%-ը:

Նույն շարքից