Առողջապահություն 

Հայաստանում նվազել են մանկական և մայրական մահացության ցուցանիշները

analitik.am

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ պրոֆեսոր Տատյանա Զնամենսկայային: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Ներկայացնելով մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրի արձանագրած հաջողությունները` նախարարը շեշտել է, որ Հայաստանում էականորեն նվազել են մանկական և մայրական մահացության ցուցանիշները:


Տատյանա Զնամենսկայան նշել է, որ Հայաստանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ իրենց համագործակցությունը տարիների փորձ ունի: Նրա խոսքով, իր ղեկավարած ասոցիացիան ունի մոտ 2000 անդամ: Կառույցի հիմնական նպատակը մայրերին ու նորածիններին ցուցաբերվող բժշկական օգնության բարելավումն է, հատկապես՝ 1 կգ քաշով լույս աշխարհ եկած նորածինների: 


Պրոֆեսորի գնահատմամբ` Հայաստանի մասնագետները լուրջ գիտելիքներ ունեն այս ոլորտում և քննարկումները հնարավորություն կտան բացահայտելու նոր մոտեցումներ և մշակելու առաջիկա ծրագրեր:

Հանդիպմանը ներկա են եղել մոր և մանկան ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետներ: Անդրադարձ է կատարվել նեոնատոլոգիայի ոլորտում բժշկության ներկայիս նվաճումների ուսումնասիրման անհրաժեշտությանը, հասարակության լայն շրջանում նորածնային բժշկության վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացմանը:

Նույն շարքից