Առողջապահություն 

Պենտագոնը հարյուր ծովային հետեւակայինների է ուղարկել Լիբերիա՝ պայքարելու Էբոլայի դեմ

analitik.am

 ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հարյուր ծովային հետեւակայինների է ուղարկում Լիբերիա՝ պայքարելու մահացու վտանգավոր Էբոլա տենդի վիրուսի տարածման դեմ, տեղեկացնում է Agence France-Presse գործակալությունը:

 

Ինչպես հայտնել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, զինվորական ստորաբաժանումը Լիբերիայի մայրաքաղաք կժամանի հոկտեմբերի 9-ին: Նրա խոսքով՝ Մոնրովիա կուղարկվի նաեւ վեց օդանավ՝ MV-22 Osprey երկու ինքնաթիռ եւ C-130 Hercules ռազմափոխադրական օդանավ:

 

Քիրբին ճշտել է, որ Լիբերիայում հետեւակայինների գլխավոր խնդիրը կլինի երկիր ԱՄՆ-ի այլ զորամասերի ժամանման նախապատրաստումը: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ը մտադիր է հազարից ավելի զինվորականներ ուղարկել Լիբերիա՝ Էբոլայի դեմ պայքարում օգնելու համար:

 

Մինչդեռ, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը հայտարարել է, որ միջազգային հանրակցության կողմից ցուցաբերվող օգնությունը չափազանց դանդաղ է հասնում երկիր:

 

«Վիրուսի դեմ պայքարում օգնելու պատրաստակամությունը շատ մեծ է: Մենք միայն կցանկանայինք, որ գործողությունները կատարվեին փոքր-ինչ ավելի արագ»,- հայտարարել է պետության ղեկավարը գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ երկրում նկատվում են այն բանի որոշ նշաններ, որ տենդի տարածման արագությունը նվազում է:

 

ԱՄՆ-ը արդեն երեք շարժական լաբորատորիա է ծավալել Լիբերիայում, որոնց մասնագետները կզբաղվեն Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ վարակվելու դեպքերի բացահայտմամբ:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր վարչակազմի անդամների հետ անցկացված հանդիպման ընթացքում քննարկել Է  Էբոլա տենդի համաճարակի հետ կապված իրադրությունը: Խորհրդակցությանը, մասնավորապես, ներկա են եղել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, պաշտպանության նախարար Չաք Հեյգելը, ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարտին Դեմփսին, առողջապահության նախարար Սիլվիա Մեթյուզ Բերվելը եւ բարձրաստիճան այլ անձինք:

 

Հանդիպման մասնակիցները պետության ղեկավարին հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի առողջապահության համակարգը պատրաստ է կանխել հիվանդության հնարավոր բռնկումը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի համաճարակի զոհերի թիվը, որը ներկայում շարունակվում է Արեւմտյան Աֆրիկայի երկրներում, գերազանցել է 3,8 հազարը, վարակված է ավելի քան 8 հազար 33 մարդ: Վիրուսից մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում երեք պետությունների՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից