Առողջապահություն 

Ինչպե՞ս խուսափել փոքրիկի մրսածությունից և հարբուխից աշնանը

Բոլոր մայրիկներն էլ գիտեն, որ աշնանը հարբուխը և մրսածությունը հաճախ են հանդիպում: Մյուս կողմից՝ աշնանը նաև հասունանում են մի շարք մրգեր, որոնք էլ կօգնեն փոքրիկի իմունիտետն ամրացնելու գործում:
 
 Այնպես որ աշնանը  հարկավոր է  կուտակել օրգանիզմին անհրաժեշտ վիտամինները, իսկ մրսածությունից խուսափելու համար հետևել մի շարք կանոնների:
 
Կանոն 1
 
Փոքրիկի իմունիտետն ամրացնող լավագույն միջոցը մայրական կաթն է: Այնպես որ, հնարավորինս երկար կերակրումը կրծքի կաթով փոքրիկի իմունիտետն ամրացնելու լավագույն միջոցն է:
 
Կանոն 2
 
Հարկավոր է, որ ինքներդ էլ, տան մյուս անդամներն էլ հետևեն հիգիենայի կանոններին, քանի որ  շփման միջոցով են փոխանցվում ոչ միայն աղիքային ինֆեկցիաները, այլ նաև գրիպ և հարբուխ առաջացնող  վիրուսները:
 
Կանոն 3
 
Շատ զբոսնեք: Զբոսնել կարելի է ցանկացած եղանակին, բացառությամբ այն դեպքերի, երբ ուժեղ քամի է կամ էլ ջերմաստիճանը -10 աստիճան Ցելսիուսից ցածր է:
 
Հիշեք՝ սակավաշարժությունը և  մաքուր օդի պակասությունը թուլացնում են իմունիտետը:
 
Կարիք չկա փոքրիկին շատ տաք հագցնել զբոսանքի գնալիս. Երեխաների ջերմափոխանակությունը դեռ կատարյալ չէ,  նրանք արագ գերտաքանում են, երբ վազում են, ապա  քրտնում են: Բայց կան նաև փոքրիկներ, որոնք արագ սառչում են: Ուստի մայրիկը փոքրիկին հագցնելիս պետք է հաշվի առնի նրա օրգանիզմի  առանձնահատկությունները:
 
Կանոն 4
 
Փոքրիկի սենյակը հարկավոր է  ամեն օր օդափոխել և օդը խոնավ պահել: Չոր և ոչ թարմ օդը կարող է հիվանդության պատճառ դառնալ, քանի որ նման օդը պարունակում է հիվանդածին ու ալերգածին միկրոբներ:
 
Բացի այդ, շնչուղիների լորձաթաղանթի  չորության  դեպքում ավելի հավանական է, որ վիրուսածին միկրոբները մնան շնչուղիներում:
 
Կանոն 5
 
Փոքրիկը պետք է նաև ճիշտ սնվի ու շատ հեղուկ օգտագործի: Ցանկալի է, որ փոքրիկի սննդացանկից բացառեք ֆաստֆուդը, երշիկեղենը, փոխարենը հարկավոր է, որ փոքրիկը շատ օգտագործի թարմ մրգեր և հատապտուղներ:

Նույն շարքից