Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 88-րդ արարողության հաղորդավարը կլինի ամերիկացի դերասան և կատակերգու Քրիս Ռոքը, հաղորդում է korrespondent.net-ը։
Դերասանը այդ մասին նախ ակնարկել է Twitter-ում, որտեղ հրապարակել է ձեռքին արձանիկով լուսանկար և գրել. «Տեսեք՝ ով է վերադարձել»։
Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հաստատել են նաև արարողության պրոդյուսերները, և ակադեմիայի կայքում հայտնվել է մամուլի հաղորդագրություն՝ մեկնաբանություններով։
«Քրիս Ռոքը ժամանցի ոլորտի իսկական MVP է (սպորտային տերմին, որը նշանակում է «ամենակարևոր խաղացողը»)։ Կատակերգու, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, նա ամեն ինչում լավն է: Նա «Օսկարի» հիանալի հաղորդավար կլինի»,- ասված է մրցանակաբաշխության կայքում։
Ռոքը 2005 թվականին արդեն եղել է «Օսկարի» 77-րդ մրցանակաբաշխության հաղորդավարը։