ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր:
Առողջապահության պատասխանատուներն անդրադարձել են նաև երկու երկրի հակահամաճարակային իրավիճակին, կրթական խնդիրներին, դեղերի քաղաքականությանը, շտապօգնության ծառայությանը և այլ ոլորտներին: Կողմերը քննարկել են նաև նոյեմբերի սկզբին Երևանում կայանալիք հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին վերաբերող հարցեր: ՀՀ առողջապահության նախարարի հրավերով համաժողովին կմասնակցի նաև Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը: