Առողջապահություն 

ԱՀԿ-ն մտադիր է Սենեգալը և Նիգերիան Էբոլայից ազատ գոտիներ հայտարարել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է Նիգերիան և Սենեգալն Էբոլայից ազատ երկրներ հայտարարել, քանի որ այնտեղ արդեն բավական ժամանակ է վարակի նոր դեպք չի գրանցվել, գրում է Daily Mail-ը։

 

Այն երկրները, որտեղ Էբոլայով վարակվելու նոր դեպքեր չեն գրանցվում ավելի քան 42 օր, համարվում են Էբոլայից ազատ տարածքներ։ Ընտրվել է 42 օր, որը կրկնակի գերազանցում է Էբոլայի ինկուբացիոն սովորական ժամանակահատվածը։

 

Մինչ վաղը, եթե նոր վարակի դեպք չգրանցվի, ապա Նիգերիան կհայտարարվի պաշտոնապես Էբոլայից ազատ երկիր։

 

ԱՀԿ-ն հայտնել է, որ Նիգերիայում և Սենեգալում իրավիճակը վերահսկողության տակ է վերցված, սակայն առավել տուժած Լիբերիան, Սիերա Լեոնեն և Գվինեան շարունակում են վարակի նոր դեպքեր գրանցել, նույնիսկ այն վայրերում, որտեղ թվում էր՝ ամեն ինչ վերահսկողության տակ է։

 

ԱՀԿ-ի մասնագետներից մեկը նշել է, որ սերմնահեղուկի մեջ այն կարող է գոյատևել մինչև 90 օր, այսինքն՝ չնայած 42- օրյա ինկուբացիոն ժամանակահատվածին՝ չի բացառվում, որ վարակի նոր դեպքեր կարող են ի հայտ գալ։

 

Աֆրիկյան երկրներից դուրս Էբոլայով վարակի դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում և Իսպանիայում։ Կասկածներ կան նաև այլ երկրներում, սակայն դեռ ոչ մի պաշտոնական հաստատում չկա։

Նույն շարքից