«Անտարես» հրատարակչությունը «Օտար գիր» մատենաշարով լույս է ընծայել Ահմեդ Ումիթի «Ստամբուլի հուշը» վեպը` Արփի Աթաբեկյանի թարգմանությամբ:
Ահմեդ Ումիթը Թուրքիայի պահանջարկ ունեցող հեղինակներից մեկն է: Նրա վեպը հետաքրքիր, քնարական դետեկտիվ է, որտեղ կա պատմական անդրադարձ Ստամբուլին`Կոստանդնուպոլսին:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը mediamax.am-ի հետ զրույցում նշել է, որ վեպի պատմական, քնարական հատվածները բացահայտում են Ահմեդ Ումիթի քաջատեղյակությանը պատմությանը, պատմության զարգացման տրամաբանությանը, այսօրի և անցյալի հարաբերակցությանը.
«Առաջին դեպքն է, որտեղ չկա բարդույթ կապված թուրք ժողովրդի պատմական անցյալի հետ, երբ փորձում են ներկայացնել, թե թուրքերը հին ժողովուրդ են, բացառիկ մշակույթ կրող եւ այլն: Դեռ հակառակն է: Չկա նաեւ թուրք հեղինակներին բնորոշ թաքնված ագրեսիա, թունավոր ակնարկներ: Պարզ վեպ է, որտեղ մենք տեսնում ենք այն, ինչ սովորաբար չենք տեսնում` սովորական թուրքին, ով աշխարհաքաղաքական իրադարձությունների մեջ նաեւ իր սեփական տեղային խնդիրներն ունի, որոնք հաճախ նույնքան մարդկայնորեն հուզիչ են, ողբերգական, կարեկցանք առաջացնող, որքան աշխարհի ցանկացած մարդու, այդ թվում հայ մարդու խնդիրները: Իմ կարծիքով՝ աշխարհաքաղաքական շատ խնդիրներ լուծվում են մշակութային նման երկխոսությունների միջոցով»: