Առողջապահություն 

ԱՀԿ-ն վերանայել է Էբոլա վիրուսի զոհերին վերաբերող տվյալները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա մահացու վտանգավոր վիրուսի զոհերի թվաքանակին վերաբերող տվյալները. նոր տեղեկատվության համաձայն՝ Սիեռա Լեոնեում տենդով վարակվելու հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է 200-ով:

 

Կազմակերպությունը վերանայել է լաբորատոր թեստերի տվյալները՝ հրաժարվելով հաշվի առնել վիրուսով վարակվելու «հնարավոր» դեպքերի վերաբերյալ հաղորդումները: Նոր տվյալների համաձայն՝ Լիբերիայում տենդի հետեւանքով զոհվածների թիվը կրճատվել է 300-ով, Սիեռա Լեոնեում զոհերի թվաքանակը, ընդհակառակը, ավելացել է 200-ով: Զոհերի ընդհանուր թիվը մնացել է նախկինը՝ 4992, հաղորդել է Reuters գործակալությունը:

 

Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլուորդը հայտնել էր, որ կազմակերպության տվյալներով, աշխարհում Էբոլա տենդից զոհվածների թիվը կարող էր արդեն գերազանցել հինգ հազարը՝ 13703 վարակվածներից:

 

Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է արեւմտաաֆրիկյան երեք երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել է Նիգերիայում եւ Սենեգալում Էբոլա տենդի համաճարակի ավարտվելու մասին: Կազմակերպությունը նաեւ նշել է, որ Լիբերիայում Էբոլա վիրուսի տարածումն աստիճանաբար դանդաղում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից