Մշակույթ 

«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» վերապատրաստման ծրագիրը մրցանակ է ստացել

2015 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի ազգային պատկերա­սրահի որմնանկարների դահլիճում տեղի է ունենցել «Եվրոպա Նոստրա» մրցանա­կի հանձնման արարողությունը։ «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում՝ «Մշակութային ժառանգու­թյան պահպա­նումը Հայաս­տա­նում» ծրագիրն արժանացել է մրցանակի, որը հանձնել է «Եվրոպա Նոստրայի» փոխնա­խագահ Իրինա Սուբոտիչը:

Մրցանակի հանձնման արարաողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Միլանի պոլիտեխնիկի դասախոս Գայանե Կազնատին:

Նախարարն իր խոսքում անդրադարձել է արդեն իրականացված հայ-իտալական «Մշակութային ժառանգու­թյան պահպա­նումը Հայաս­տա­նում» ծրագրի կարևորությանն արդյունավետությանը և նշել, որ ՀՀ մշակույթի նախարարությունը բազմաթիվ մրցանակների է արժանացել, սակայն «Եվրոպա նոստրա» մրցանակը կարևորագուններից է, քանի որ այն տրվում է մշակությաին ժառանգության պապանության և վերականգնման ոլորտում ունեցած հաջողությունների համար:

«Եվրոպա Նոստրան» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնություն է: Ընդգրկելով 42 երկիր՝ կազմակերպությունը քաղաքացիական հասարակության կոչն է` պահպանելու և խթանելու Եվրոպայի մշակութային և բնական ժառանգությունը: Մրցանակաբաշխության միջոցով ընդգծվում է մշա­կութային ժառանգության պահպանության կարևորությունը, ինչպես նաև ժառանգության պահպանության բնագավառում եվրոպական ռազմավարությունն ու քաղա­քակա­նությունը: Հիմնադրվելով 1963 թվականին՝ «Եվրոպա Նոստրան» համարվում է Եվրոպայում ոլորտի ամենա­ներ­կայացուցչական և ազդեցիկ ցանցը: Հայաստանը «Եվրոպա Նոստրայ­ին» անդամակցում է 2012 թվականից:

«Մշակութային ժառանգու­թյան պահպա­նումը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թ. ապրիլի 6-ին ստորագրված, «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակու­թա­յին ժառանգու­թյան պահպանության և ամրակայման համար» տեխնիկա­կան համաձայնագրիհիման վրա: Ծրագրի համակարգողն էր Միլանի պոլիտեխնիկի դասախոս Գայանե Կազնատին:

«Եվրոպա Նոստրա» մրցանակին արժանանալու և «Մշակութային ժառանգու­թյան պահպանումը Հայաստանում» ծրագրի մասին հանրությունը տեղեկացել է դեռևս 2015 թվականի ապրիլին` ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում:

«Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանա­ցել նաև Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին: «Հանրության ընտրություն» մրցանակի երկրորդ և երրորդ պատվավոր տեղերին համապատաս­խանաբար արժանացել են Դիարբեքիրի Սբ Կիրակոս և Նիկոզիայի հայկական եկեղեցիները:

«Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության հիմնական արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 11-ին, Օսլոյի (Նորվեգիա) քաղաքապետարանում: Մրցանակաբաշ­խությունը կազմա­կերպ­ել էին Օսլոյի քաղաքապետ Ֆաբիան Ստանգը, Կրթության, մշակույթի, երիտասար­դության և սպորտի եվրոպական հանձնակատար Տիբոր Նավրաչիչը, ինչպես նաև հռչակա­վոր օպերային երգիչ և «Եվրոպա Նոստրայի» նախագահ Պլասիդո Դոմինգոն: Արարողությանը ներկա է գտնվել նաև Նորվեգիայի թագաժառանգ արքայազն Հաակոն:

Նախկինում ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված» ծրագրին ներկայացվել են ՀՀ Արագածոտնի մարզի Սբ Պողոս Պետրոս եկեղեցու (2012 թ.), ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի հայտերը (2013 թ.), որոնք այդ տարիներին ընդգրկվել են նախնական ցանկերում: 2012 թ. Հայկական ճարտարա­պետությունն ուսումնասիրող կազմա­կեր­պու­թյան (RAA) հետ համատեղ լրացված հայտի հիման վրա Հայկական ճարտարա­պետությունն ուսումնասիրող կազմա­կերպությունը արժանացել է «Եվրոպա Նոստրա 2013» մրցանակաբաշխության ժյուրիի հատուկ գնահատականին և պատվոգրի՝ «Կազմակերպության կողմից օրինակելի ներդրում ժառանգության բնագավա­ռում» անվանակարգում: Ի թիվս Եվրոպայում գործող այլ կազմակերպությունների՝ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունն արժանացել է ժյուրիի շնորհա­կալությանը՝ «Եվրոպա նոստրա-2013» մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացված հայտերի անկախ մասնագիտական փորձաքննությունն իրակա­նացնելու համար:

Նույն շարքից