Իրավական 

Կտրուկ աճել է ՀՀ-ում հայտնաբերված և Ինտերպոլի կողմից հետախուզվող անձանց թիվը

analitik.am

Այս տարիՀայաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է արտասահմանյան երկրներում հետախուզվող 95 անձ, որոնցից 66-ը ձերբակալվել են, իսկ 13-ը` արտահանձնվել. ընդհանուր առմամբ` Ինտերպոլի անդամ երկրների կողմից միջազգային հետախուզման մեջ են գտնվում 381 ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր: Այս մասին նշեց Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը` ներկայացնելով 2014 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում բյուրոյի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:


Նրա խոսքով` աճել է ՀՀ-ում հայտնաբերված և Ինտերպոլի անդամ երկրների կողմից հետախուզվող անձանց թիվը: «Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ստացվել է 89 հարցում հետախուզման մեջ գտնվողների վերաբերյալ: ԱԿԲ-ն բավական արդյունավետ միջոցառումներ է իրականացնում Ինտերպոլի անդամ երկրների կողմից հետախուզվող անձանց ՀՀ-ում հայտնաբերման ուղղությամբ: Արդյունքում` այս տարի ՀՀ-ում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 53 անձ, որը քսանով ավելի է 2013 թվականին հայտնաբերված անձանց թվաքանակից»,- ասաց Ֆիդանյանը` հավելելով, որ ընդլայնվել է նաև այն պետությունների աշխարհագրությունը, որոնց կողմից հետախուզվող անձինք հայտնաբերվել են Հայաստանում:


Վերջին ժամանակահատվածում ՀՀ-ում հայտնաբեվել են Իրանի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բուլղարիայի, Լեհաստանի, Կորեայի և Քուվեյթի կողմից հետախուզվող մարդիկ:

 

Ինչպես նշեց Ֆիդանյանը, զգալի աշխատանքներ են իրականացվել անձնանց նույնականացման ոլորտում: «ՀՀ որոշ քաղաքացիներ, մեկնելով արտասահմանյան երկրներ, ներկայանում են մտացածին անձնական տվյալներով, ինչը բարդացնում է այդ երկրների իրավապահ մարմինների աշխատանքը` վերջիններիս նույնականացնելու հարցում»,- պարզաբանեց փոխգնդապետը:

 

Հաշվետու ժամանակահատվածում Ինտերպոլի անդամ երկրներից ստացվել է 134 հարցում 176 անձանց նույնականացման վերաբերյալ, որոնց հիման վրա նույնացվել է 134 անձ: 2013 թվականին այդ թիվը կազմել է 73:

Նույն շարքից