ԴԱՀԿ-ի կողմից գույքի կալանքի և առգրավման հարցի առնչությամբ «Օրինաց երկիր» կուսակցությունը կդիմի Մարդու իրավունքի պաշտպանին՝ Սահմանադրական դատարան դիմելու խնդրանքով, քանի որ կուսակցությունն ինքը չի կարող ստորագրություններ հավաքել. այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Այս հարցի հետ կապված նաև օրենքի նախագիծ ենք ներկայացրել ԱԺ, և այն ԱԺ մեծ օրակարգում է»,-ասաց նա և հավելեց, որ նախագծի փաթեթի ընդունման դեպքում հարցը կլուծվի և կվերադառնան նախկին ընթացակարգին:
«Որ առանց դատարանի որոշման որևէ քաղաքացու գույքի նկատմամբ կալանք կամ բռնագանձում չի լինի: Կառավարությունն այս կապակցությամբ նույնպես նախագիծ է ներկայացրել, որտեղ շեմ է ամրագրված, առաջարկում են մինչև 200 000 դրամ տույժեր տուգանքների դեպքում արտադատական կարգով լուծել խնդիրը, դրանից մեծ գումարների դեպքում՝ դատական կարգով»,-ասաց նա:
ՕԵԿ պատգամավորը նշեց, որ չնայած կառավարությունը նախագիծ է ներկայացրել, բայց դա հարցի լուծում չէ, և իրենք կներկայացնեն իրենց այլընտրանքային նախագիծը:
«Քննարկումները ցույց կտան, թե այս կարևոր հարցի հետ կապված ինչպիսին կլինեն հետագա գործողությունները: Շատ հստակ է դրված այն հարցը, որպեսզի վերականգնվի քաղաքացու սահմանադրական իրավունքը»,-ասաց նա: