Այսօր Ադրբեջանի Նասիմինի շրջանի դատարանում Բաբեկ Պանախովի նախագահությամբ քննվել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին գլխավոր դատախազության դիմումը, հաղորդում է contact.az-ը:
Ինչպես Turan-ին հայտնել է փաստաբան Էլչին Գամբարովը, դատարանը որոշում է կայացրել Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը ևս 4 ամսով՝ մինչև 2015 թվականի փետրվարի 28-ը երկարաձգելու մասին:
Նրա խոսքով՝ քննությունը կալանքի ժամկետի երկարաձգումը բացատրել է համապատասխան քննչական գործողությունների անցկացման անհրաժեշտությամբ:
Իր հերթին՝ պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը տնային կալանքի փոխարինելու մասին:
Փաստաբանի խոսքով՝ Լեյլա Յունուսը նախկինի պես լուրջ խնդիրներ ունի առողջության հետ:
Խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը կքննվի ուրբաթ՝ օրվա երկրորդ կեսին:
Ինչպես հիշեցնում է contact.az-ը, ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսները ձերբակալվել են պետական դավաճանության և այլ հանցագործությունների մեղադրանքով: Այդ մեղադրանքները, սակայն, փաստաբանների խոսքերով, ոչնչով հաստատված չեն, Amnesty International-ը նրանց քաղբանտարկյալ է ճանաչել: