Իրավական 

ԺՀՄԻԳ-ի գնահատման փաստաթղթում առկա հարցադրումները մեզ համար ընկալելի են. ՀՀ արդարադատության նախարար

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գնահատման զեկույցում նշված է, որ օրենսդրական գործընթացը ՀՀ-ում պետք է ավելի ճկուն և մասնակցային լինի:

Այսօր զեկույցի շնորհանդեսին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը իր խոսքում նշեց, որ գնահատման փաստաթղթում առկա հարցադրումները և մտահոգություններն ընկալելի են և գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում:

Նա կարևորեց քաղաքացիական հասարակության մասնակցությունը այս գործընթացներին և ակնհայտ համարեց, որ քաղաքացիական հասարակության մասնակցությունը մեծացել է վերջին տարիներին:

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը նշեց, որ շատ հաճախ օրենսդրական նախաձեռնությունը, նախագծի տեսք ստացած, մտնում է շրջանառության մեջ, և երբեմն առաջին կամ երկրորդ ընթերցում անցնելուց հետո են տեսնում, որ շահագրգիռ կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունները կարող էին իրենց պրակտիկ գործունեությամբ, խորհուրդներով ավելի լավ տեսքի բերել և նոր փորձում են նրանց առաջարկների հետ հաշվի նստել:

«Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք ունենք լուրջ աշխատանք, որպեսզի նախագծերն ունենան հայեցակարգային բովանդակություն»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց, որ իրենք ականատեսն են դառնում բոլոր շահագրգիռ մարմինների, քաղաքացիական նախաձեռնությունների ներգրավվածությանը: Նա շնորհակալություն հայտնեց պետական մարմիններին և քաղաքացիական հասարակությանը մասնակցության համար: «Ես ակնկալում եմ, որ հետագայում ևս աշխատանքները կընթանան օրինաստեղծ համակարգի ստեղծման ուղղությամբ»,-ասաց դեսպանը:

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական խնդրանքով պատրաստված «Հայաստանի Հանրապետության օրենսդրական գործընթացի համապարփակ գնահատումն» անդրադառնում է մեծ քանակությամբ օրենքների, որոնք ընդունվում են տարեկան կտրվածքով: Գնահատման զեկույցն առաջարկում է, որ քաղաքականության վերաբերյալ իրականացվեն ավելի ինտեսիվ քննարկումներ, շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ, և օրենսդրության ազդեցության գնահատումներ թե՛ նախնական փուլերում, թե՛ ողջ գործընթացի ընթացքում:

Նույն շարքից