Հեղինակային իրավունքի ոլորտում իրավախախտումների քանակը նվազել է: Այս մասին այսօր կայացած ասուլիսին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը՝ ներկայացնելով 2014 թ.-ի 9 ամիսների ընթացքում մտավոր սեփականության ոլորտում կատարված հանցագործությունների և դրանց դեմ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընդհանուր պատկերը:
«Մտավոր սեփականության հարցը մշտապես գտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Արձանագրվել են հեղինակային և հարակից իրավունքների խախտումներ, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման դեպքեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են»,-ասաց նա:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ «Մայքրոսոֆտ» ընկերությունը պարբերաբար դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ կեղծ ծրագրերով համակարգիչներ վաճառելու փաստով պայմանավորված:
Մյուս բնագավառը «կաբելային օպերատորների» կողմից առանց թույլտվության որոշակի ալիքների վերահեռարձակումն է, ինչպես նաև կեղծ հրատարակության գրքերի տարածումը:
«Շատ դեպքերում վաճառվում են բնօրինակից արտատպված հրատարակություններ: Համերգային միջոցառումների կազմակերպումը մյուս կարևոր բնագավառն է: Այս ոլորտում գործ ունենք ապրանքային լոգոյի, բրենդի կեղծման դեպքերի հետ, ինչը վնասում է գործարարի համբավին»,-ասաց նա և ավելացրեց, որ դիմել են նաև մի քանի հայտնի ընկերություններ՝ պաշտպանելու իրենց իրավունքները:
Ըստ բանախոսի՝ օծանելիքի և կոսմետիկ միջոցների ոլորտում են բավականին շատ կեղծումները: Նաև խոշոր խանութներ, որոնք զբաղվում են համակարգիչների վաճառքով, խախտում են իրականացրել: Նշված իրավունքի խախտման համար լրատվամիջոց չի դիմել, բայց անհատներ դիմել են:
Անդրադառնալով այլ երկրների հետ համագործակցությանը՝ Արթուր Վարդերեսյանը նշեց, որ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում իրենք մշակել են նոր օրինագիծ, ավելի են ծանրացրել սանկցիաները, որոնք պատասխանատվություն են ենթադրում այս օրենքի խախտման համար:
«Այլ երկրների մոդելների որոշ մեխանիզմներ ներառել ենք մեր փորձում: Մեխանիզմները վերաբերում են իրավատերերի հետ համագործակցությանը»,-ասաց նա: