Իրավական 

«Սկզբում նոտարիուս, հետո զագս»... երևանցին կունենա երկու պալատ մեկ շենքում

Երեւանցիները կունենան երկու պալատ` մեկ շենքում. հոկտեմբերի 31-ին Զաքիյան 3 հասցեում կբացվեն Նոտարական եւ Ամուսնությունների պալատները: Այս մասին իր անձնական կայքում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: 

 

«Վաղը Նոտարական պալատի նոր գրասենյակի հանդիսավոր բացումն է: Նույն շենքում պիտի տեղակայված լինի նաև Ամուսնությունների պալատը: Ի դեպ, սա նաև մեր մասնակի հատուցումն է երևանցուն մեր հիշողությունների մեջ դեռևս կանգուն (անհասկանալի պատճառներով և տրամաբանությամբ ժամանակին ապամոնտաժված) Երիտասարդական պալատում տեղակայված նախկին շքեղ Ամուսնությունների պալատի դիմաց:

Երբ մտահղացա մեկտեղել նույն շենքում երկու հանրային կարևորության կառույցներ, միայն մեկ բան էի ցանկանում՝ հնարավորինս բարելավել ծառայությունների որակն ու հարմարավետությունը մեր բնակչության համար: Շենքն արդեն պատրաստ է, մեր մի քանի ամիս տևած աշխատանքների պտուղը վաղը կհանձնենք երևանցիներին:

Այս պահին, երբ մտածում էի ուրախությունս ձեզ հետ կիսելու մասին՝ մի զվարճալի կադր հիշեցի հումորային ներկայացումներից մեկից: Հետաքրքիր զուգադիպությամբ իրականացել է ներկայացման հերոսների երազանքը. այս շենքի բացմամբ, կարծում եմ, երկրում գոնե մեկ հարց էլ չի հնչի՝ «Սկզբում նոտարիուս, հետո զագս» ... 
Վաղը երևանցիները կունենան երկու պալատ մի շենքում»,-գրել է նախարարը:

Նույն շարքից