Իրավական 

Ինչպե՞ս են դիվերսանտների մոտ հայտնվել Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության տեսանյութերը

analitik.am

Ստեփանակերտում` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նոյեմբերի 3-ին վերսկսվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, դատավոր Անատոլի Թադևոսյանը շարունակել է նախաքննության ընթացքում ամբաստանյալներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի տված ցուցմունքների հրապարակումը:

 

Համաձայն նախաքննության ժամանակ ամբաստանյալ Գուլիևի տված ցուցմունքի, Հասան Հասանովը ցանկացել է Սմբատ Ցականյանին կյանքից զրկելու նպատակով ոլորել նրա վիզը։ Գուլիևը, վերահաստատելով այդ ցուցմունքը, պնդել է, որ Հասանովը բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ, սակայն ըստ նրա, իբր այդպես էլ չի հասկացել, թե երեխայի նկատմամբ Հասանովի այդ վարմունքը շոյելու՞, թե՞ բռնության նշան էր եղել։

 

Ասկերովը, մեկ անգամ ևս հաստատելով, որ նկարահանումները Հասանի տեսախցիկով ինքն է արել, նշել է, որ Հասանի ձեռքին քարտեզ կար, որով նա կողմնորոշում էր իրեն, թե որտեղ և ինչ նկարահանումներ պետք է իրականացնի։ Վերոհիշյալ տեսախցիկում եղել են նաև Ադրբեջանում գերի ընկած ՀՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության վերաբերյալ տեսանյութեր, որոնց մասին Ասկերովը, իր խոսքով, իբր տեղյակ չի եղել։

 

Պատասխանելով դատավոր Անատոլի Թադևոսյանի այն հարցին, թե` մահացած Սմբատ Ցականյանը գիտե՞ր, որ նրանք ադրբեջանցիներ են, Ասկերովն ասել է, թե չեն ցանկացել, որ պատանին իմանա իրականում ովքեր են իրենք և ինչ նպատակով են ԼՂՀ տարածքում, քանի որ նա այդ մասին կարող էր հայտնել պատկան մարմիններին։

 

Դատարանի հարցադրմամբ անդրադառնալով Գուլիևի ցուցմունքներին՝ Ասկերովը հատկապես իրեն առնչվող դեպքերի նկարագրություններն ամբողջությամբ սուտ է համարել։ Մասնավորապես, Գուլիևը կրկին պնդել էր նախաքննության և դատաքննության ընթացքում իր տված այն ցուցմունքները, համաձայն որոնց ինքնաձիգի կրակահերթ լսելուց հետո շրջվել ու տեսել է Հասանին՝ զենքն ուսին, Դիլհամ Ասկերովին՝ նստած, իսկ նրա ինքնաձիգի փողը դեպի սպանված պատանին ուղղված դիրքում:

Նույն շարքից