Իրավական 

Եվրոպայի խորհրդի գնահատականն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը The Guardian-ում անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակին: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանում մարդու իրավունքներն ասես «դանակի սայրին» են: Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ Ադրբեջանը խոսքի ազատության հարցում օգնության կարիք ունի: 

 

Գնահատականը հնչել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի վեցամսյա նախագահության ավարտին մոտենալու առիթով:

 

Նկատվում է, որ ինչպես 2012-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթը Բաքվում, այնպես էլ նախագահությունը Եվրոպայի խորհրդում ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների և ակտիվիստների համար լավ հնարավորություն էին բարձրաձայնելու այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մասին:

 

Անդրադարձում նշվում է, որ ԵՄ-ում հակաօրինական են համարում տարբեր լրագրողների ուիրավապաշտպանների ձերբակալությունը, բանտարկությունը, հետապնդումը, որոնցով վերջին շրջանում առանձնապես աչքի է ընկել Ադրբեջանը:

 

Այս առնչությամբ Յագլանդը նշել է, որ Ադրբեջանի դատական համակարգում «խոր արմատներ ձգած համակարգային խնդիրներ» կան: Յագլանդը կապվել է Բաքվում մեծ դեսպանություններ ունեցող եվրոպական երկրների հետ, խնդրել, որ Ադրբեջանում նրանց ներկայացուցիչներն ավելի ուշադիր հետևեն ակտիվիստների դատավարություններին:

 

Նշվում է նաև, որ Եվրոպայի խորհուրդը բազմիցս Ադրբեջանին նախազգուշացում է արել մարդու իրավունքների վատ վիճակի մասին, կոչ արել դադարեցնել հալածանքները:

 

Յագլանդը նշում է, որ եթե Եվրոպայում դադարեցնեն իրենց ջանքերը, ապա այդ կերպ կդադարեցվի Ադրբեջանում քաղաքացիական հասարակության պայքարը: Այս համատեքստում եվրոպացի առաջնորդներին կոչ է արվում հանուն խաղաղության և կայունության եվրոպական մակարդակի օրենքի գերակայություն տարածել:

Նույն շարքից