Իրավական 

«Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» դաշինքը ձևական է համարում Մարդու իրավունքների հարցերով ստեղծված աշխատանքային խումբը

«Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական դաշինքը քննադատել է վերջերս ստեղծված Մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խմբի աշխատանքները, տեղեկացնում է contact.az-ը:

 

Դաշինքի հայտարարության մեջ ասվում է, որ այդ աշխատանքային խումբն ստեղծվել է հասարակությունից գաղտնի, և դրա ձևավորումը թափանցիկ և օբյեկտիվ չի եղել:

 

 

Նպատակներն ու առաջադրանքները, կարգավիճակն ու այդ կառույցի սկզբունքները հստակ չեն, ինչպես նաև այն գործընթացը, որով անցել է Աշխատանքային խմբի ստեղծումը:

 

Դաշինքի ներկայացուցիչների համոզմամբ՝ իրականում քաղբանտարկյալների խնդիրը լուծելու համար ստեղծված այդ խմբի գործունեությունն ադեկվատ չէ այդ խնդիրների լուծմանը:

 

 

«Այն հիմնականում բաղկացած է կառավարության ներկայացուցիչներից ու կառավարամետ անձանցից, որոնք բացառում են երկրում նման խնդրի առկայությունը», - ասված է հայտարարության մեջ:

 

 

Փաստաթղթում նաև նշված է, որ կառավարության պնդումները, թե սկսել է երկխոսել քաղաքացիական հասարակության հետ, իրականում երկխոսություն է ինքն իր հետ:

 

 

«Անկախ քաղաքացիական հասարակությունն ու քաղբանտարկյալները չեն վստահում այդ աշխատանքային խմբին, քանի որ դրանում չեն ընդգրկվել մարդիկ, որոնք իրականում զբաղվում են իրավապաշտպան գործունեությամբ ու քաղբանտարկյալների հարցերով»,-ասված է հայտարարության մեջ:

 

Դաշինքի համոզմամբ՝ նման ձևական աշխատանքային խմբի ստեղծմամբ իշխանությունը ցանկանում է խուսափել ներքին և արտաքին քննադատություններից և ժամանակ շահել՝ երկրում մարդու իրավունքների պաշտպանված լինելու տպավորություն ստեղծելով:

Նույն շարքից