Մշակույթ 

Մեկնարկում է «ՌեԱնիմանիա» Երևանի 7-րդ միջազգային անիմացիոն փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ` ս. թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» Երևանի 7-րդ միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը: Այս տարի փառատոնի նախընտրական փուլի ժյուրիի և պատվավոր միջազգային խորհրդի կողմից ընտրվել է 184 անիմացիոն ֆիլմ, որոնք կմասնակցեն «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական հոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ» մրցութային ծրագրերին: «ՌեԱնիմանիա» փառատոնին կցուցադրվեն մրցութային, վավերագրական և էքսպերիմենտալ ֆիլմեր, ինչպես նաև, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Վերածնունդ» ծրագրում անիմացիոն ֆիլմեր: Փառատոնի շրջանակում կբացվի նաև պատկերապատումների ցուցահանդես:

«ՌեԱնիմանիա» փառատոնի ընթացքում կցուցադրի ավելի քան 400 ֆիլմ: Փառատոնը կբացվի ֆրանսիական «Մունե» ֆիլմով (ռեժիսորներ՝ Ալեքսանդր Հեբոյան, Բենուա Ֆիլիպոն), իսկ փակմանը կցուցադրվի «Մարգարեն» (ռեժիսոր՝ Ռոջեր Ալերս), որի արտադրությունն իրականացրել և գլխավոր հերոսուհուն հնչյունավորել է Սալմա Հայեքը /մուտքը հրավիրատոմսով/:

Նույն շարքից